
Ինձ առաջարկել են 5 միլիարդ դոլարի կաշառք. Ալեքսանդր Լուկաշենկո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրեն առաջարկել են 5 միլիարդ դոլարի կաշառք՝ էժան գնով «Բելառուսկալիումը» վաճառելու համար.
«Ինձ առաջարկեցին 15 միլիարդ դոլար, որից 5 միլիարդ դոլարը նախատեսված էր ինձ համար, իսկ 10 միլիարդ դոլարը՝ պետգանձարանի համար»: Լուկաշենկոն սակայն չի հայտնել, թե ով է իրեն առաջարկել այդպիսի կաշառք:
Դրա հետ մեկտեղ նա հաստատել է «Բելառուսկալիումի» իր գնահատականը՝ 30 միլիարդ դոլար: Շատերը նրա հետ համակարծիք չեն, որ այդ ձեռնարկությունն արժե 30 միլիարդ դոլար: «Բելառուսկալիումը» հանդիսանում է կալիումական պարարտանյութեր արտադրող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկը և երկրորդը ԱՊՀ-ում՝ «Ուրալկալիումից» հետո: