Իրանի կառավարությունը հաստատել է Ուրմիա լճի փրկության պլանը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը հաստատել է երկրի հյուսիս-արևմտյան հատվածում ընկած Ուրմիա լճի փրկության պլանը: Հոկտեմբերի 9-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի կառավարության նիստը, որում Նախարարների կաբինետն ու նախագահ Հասան Ռոուհանին հավանության են արժանացրել չորացումից Ուրմիա լիճը փրկելու և այն վերականգնելու նախագիծը:
Հունիսյան ընտրությունների արդյունքներով նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Հասան Ռոուհանիի առաջին քայլերից մեկը հանդիսացել է Ուրմիա լճի պահպանման խնդրով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծումը, որը գլխավորել է էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Նախագահի ստեղծած այդ աշխատանքային խմբի մեջ են մտել գյուղատնտեսության ու ներքին գործերի նախարարները, շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ղեկավարը և պլանավորման ու ռազմավարական վերահսկման գծով փոխնախագահի ներկայացուցիչը:
Աշխատանքային խմբին հանձնարարվել էր հետազոտություններ իրականացնել Ուրմիա լճի շրջանում և երկու ամսվա ընթացքում կառավարությանը ներկայացնել Ուրմիա լճի պահպանման վերաբերյալ սեփական առաջարկները: