
Բարաք Օբաման շնորհավորել է Իլհամ Ալիևին, սակայն …

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Շնորհավորական ուղերձում Օբաման հայտնել է, որ ինքը և իր կին Միշելը ցանկանում են Ղուրբան բայրամի կապակցությամբ իրենց լավագույն ցանկությունները փոխանցել Ամերիկայի և համայն աշխարհի մուսուլմաններին, ինչպես նաև ցանկանալ, որ ուխտագնացները հաջողությամբ ավարտեն ուխտագնացությունը (հաջ):
Օբամայի շնորհավորական ուղերձում ոչինչ չի նշվել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների մասին, որոնց արդյունքներով նախագահի պաշտոնում վերընտրվել է Իլհամ Ալիևին: Ի դեպ, այդ ընտրությունների անցկացումը քննադատության է արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի կողմից:
Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը «ոչ օբյեկտիվ ու կանխակալ» է որակել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որում այդ ընտրությունները որակվել են որպես ոչ ժողովրդավարական: