
Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ամբաստանյալներն անմեղ են. ՀԱԿ ակտիվիստների պաշտպան

ՀՀ զինվորական և քրեական վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատական նիստը: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ վերաքննիչ դատարանում դատաքննության ընթացքում ևս տեղի ունեցան դատավարական կարգի խախտումներ, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ամբաստանյալներն անմեղ են: Ըստ փաստաբանի՝ այդպես էլ չբերվեցին ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր ամբաստանյալներին առաջադրված շինծու մեղադրանքը:
Ըստ պաշտպանի՝ դատարան հրավիրված լրացուցիչ վկաների հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ոստիկանները դեպքի վայրում գործել են իրենց լիազորությունների շրջանակից դուրս, հարվածել են Տիգրան Առաքելյանին և Արտակ Կարապետյանին: Միաժամանակ, պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ գործով տուժող Շահեն Հարությունյանը դատարան էր ներկայացրել «ոչինչ չեմ հիշում» նախապես պլանավորված պատասխանով: Փաստաբանի խոսքով՝ տուժողը նախընտրեց դատարանում տալ հակասական պատասխաններ, քան ճիշտ պատասխանել իր հարցադրումներին. արդյունքում պարզ կդառնար նրա նախաքննական ցուցմունքների ոչ արժանահավատ լինելու հանգամանքը: Հիմք ընդունելով բոլոր հանգամանքները՝ Ստեփան Ոսկանյանը միջնորդեց դադարեցնել Տիգրան Առաքեյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կարճել քրեական գործով վարույթը և հռչակել նրանց անմեղությունը: