
Մադուրոն առաջարկել է Չավեսի գաղափարական ժառանգությունն ընդգրկել դպրոցների ու համալսարանների ծրագրերում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է նախկին նախագահ Ուգո Չավեսի գաղափարական ժառանգությունն ուսումնասիրել դպրոցներում ու համալսարաններում: Մադուրոն այդ առաջարկն արել է երեկ, Բարինաս նահանգում, ուր ծնվել և մեծացել է Չավեսը.
«Անհրաժեշտ է դպրոցների ու համալսարանների ծրագրերում ընդգրկել Ուգո Չավեսի գաղափարական ժառանգության ուսումնասիրումը, ինչն ամենառաջադեմն է 21-րդ դարում: Չավեսն այն մշակել է իր հանճարեղության ու իմաստունության շնորհիվ՝ հենվելով ժողովրդի հանդեպ տածած սիրո վրա»:
Հուլիսին Մադուրոն հայտարարել էր գիտա-հետազոտական ինստիտուտի ստեղծման մասին, որը պետք է ուսումնասիրի Ուգո Չավեսի գաղափարական ժառանգությունը: Այդ ինստիտուտը գլխավորել է Ուգո Չավեսի ավագ եղբայր, Բարինասի նահանգապետ Ադան Չավեսը: Ուգո Չավեսը մահացել է այս տարվա մարտի 5-ին: