Թուրքիայում շարունակվում է PKK-ի ակտիվ գործունեության գոտում մոբիլ ռազմաբազաների կառուցումը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք-քրդական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) հայտարարել է երկրի տարածքը լքելուց իր հրաժարվելու մասին:
Դրան զուգահեռ Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունն ու Aselsan ընկերությունը ահաբեկչության (PKK) դեմ պայքարի գոտում շարունակում են «մոդուլային բազաների» կառուցման գործընթացը, ինչը վերջին շրջանում թափ է հավաքել:
Ռազմավարական կարևորություն ունեցող վայրերում ցայժմ կառուցվել է նմանատիպ 8 բազա, ևս 9 բազայի կառուցման գործընթացն ընթացքի մեջ է: PKK-ի գործունեության ակտիվ վայրերում «մոդուլային բազաների» կառուցման մասին որոշում է կայացվել այս տարվա հունվարին տեղի ունեցած Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում, որը նախագահել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Բազաների կառուցման հարցում որպես մոդել են վերցվել Աֆղանստանում ԱՄՆ-ի ունեցած բազաները: Առաջին բազաները ստեղծվել են Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում: Տվյալ բազաները հագեցած են շուրջօրյա տեսախցիկներով, անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ), 7.62 և 12.7 միլիմետր տրամաչափի հաստոցավոր գնդացիրներով, 40 միլիմետր տրամաչափի ռմբաձիգներով: Ռազմաբազայի պատերը նախատեսված են հրթիռային հարվածներին դիմակայելու համար: