
Թուրքիայի երեք հիմնական գազամատակարարներն այս տարի թանկացրել են գազի գինը

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականին Թուրքիան էներգակիրների ներկրման համար վճարել է 60.1 միլիարդ դոլար: Դրանում բնական գազի մասնաբաժինը կազմել է 23 միլիարդ դոլար: Միջին հաշվով Թուրքիան հազար խորանարդ մետր գազի համար անցած տարի վճարել է 513 դոլար:
Թուրքիայի հիմնական գազամատակարարները Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանն են: Թուրքիան ամենաթանկ գնով գազը ներկրում է Իրանից: Հազար խորանարդ մետր իրանական գազի համար Թուրքիան այս տարի վճարել է 570 դոլար, մինչդեռ ռուսական գազի պարագայումայդ ցուցանիշը կազմել է 500 դոլար, իսկ ադրբեջանական գազի պարագայում՝ 380 դոլար:
2012 թվականին Թուրքիան հազար խորանարդ մետր գազի համար Իրանին վճարել է 530 դոլար, Ռուսաստանին՝ 445 դոլար, իսկ Ադրբեջանին՝ 354 դոլար: 2012 թվականին Թուրքիայում գազի սպառումը կազմել է 50 միլիարդ խորանարդ մետր: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այդ ցուցանիշը կկազմի 80 միլիարդ խորանարդ մետր:
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի շահագործումը 23 տոկոսով նվազեցրել է սևծովյան նեղուցների ծանրաբեռնվածությունը: Օրական նեղուցներով անցնում էր 2 միլիոն բարել ռուսական նավթ, մինչդեռ ներկայումս դրա կեսն ուղղվել է խողովակաշարեր: