
ՄԱԿ ԱԽ-ը վերջին անգամ քվեարկել է Աֆղանստանում միջազգային ուժերի մանդատի երկարաձգման օգտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը երեկ վերջին անգամ քվեարկել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մանդատի երկարաձգման օգտին: Մանդատը երկարաձգվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը, երբ Աֆղանստանի բանակին ու ոստիկանությանը փոխանցված կլինեն այդ երկրի անվտանգության ապահովման գործառույթները: Այդ գործընթացը մեկնարկել է այս տարվա հունիսին:
ՄԱԿ ԱԽ-ում Աֆղանստանի վերաբերյալ բանաձևն ընդունվել է միաձայն: Բանաձևում նշված է, որ Աֆղանստանում տիրող իրավիճակը դեռ շարունակում է սպառնալիք ներկայացնել միջազգային անվտանգության ու խաղաղության համար: Ընդգծվում է «Թալիբան», «Ալ-Քաիդա» և ծայրահեղական այլ կազմակերպությունների զինյալների ակտիվությունը:
Օգոստոսի 1-ի դրությամբ Աֆղանստանում գտնվող օտար զինվորական կոնտինգենտի անձնակազմը կազմել է 87.200 մարդ՝ նախկին 130.000-ի փոխարեն: