
Եվրոպական ընկերությունները կարող են խոչընդոտել Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցմանը. Բինալի Յըլդըրըմ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ եվրոպական մի շարք ընկերություններ կարող են փորձել խոչընդոտել Ստամբուլում երրորդ օդանավակայանի կառուցմանը.
«Թուրքիան վերածվել է օդային փոխադրումների կենտրոնի, Ստամբուլը փոխարինել է եվրոպական մի շարք քաղաքների: Եվրոպական մի շարք ընկերություններ հիրավի շատ են աշխատել Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման վերաբերյալ պայմանագիր կնքելու ուղղությամբ, սակայն դա ստացել է թուրքական կոնսորցիումը:
Այդ պլանում եվրոպական մի շարք ընկերություններ կարող են դիմել մի շարք բանկերի՝ խնդրելով վարկեր չտրամադրել կոնսորցիումին: Ես չեմ կարծում, թե եվրոպական որևէ կառավարություն կներգրավվի նման գործողություններում, որոնք հակասում են նաև ժողովրդավարական նորմերին:
Սակայն մենք բախվել ենք մի շարք օտար ֆինանսական ընկերությունների հարուցած ֆինանսական խոչընդոտների: Նրանք օգտագործել ենք մի շարք պատմական իրադարձություններ կամ բնապահպանական խնդիրներ, որպեսզի դրանք հանգեցնեն մի շարք խոշոր նախագծերի համար վարկ տրամադրելու հարցում մերժմանը:
Այնպես որ մեզ չի զարմացնի, եթե մենք նման դժվարությունների բախվենք նաև երրորդ օդանավակայանի նախագծի հարցում: Սակայն մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցներն այդ հնարավորության դեմ: Եվրոպական ընկերությունները վնասներ չեն կրի այս նախագծի իրագործումից:
2008 թվականից լուրջ փոփոխություններ են գրանցվել համաշխարհային ավիացիայում: Նախկինում տվյալ ոլորտում գերիշխում էին ԱՄՆ-ն ու Եվրոպան, սակայն այժմ նկատելի է արևելյան երկրների, այդ թվում նաև Թուրքիայի վերելքը: Թուրքիան վճռորոշ դեր է խաղում որպես տարածաշրջանային հանգույց»:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման մրցույթը շահել է Limak-Kolin-Cengiz-MaPa-Kalyon թուրքական ընկերությունների կոնսորցիումը, որը նախագծի իրագործման համար առաջարկել է 22.1 միլիարդ եվրո:
Երրորդ օդանավակայանը կառուցվելու է Ստամբուլի հյուսիսային հատվածում՝ Թերքոս լճի մոտ: Սկզբնական շրջանում այդ օդանավակայանը տարեկան սպասարկելու է մինչև 90 միլիոն ուղևորի: Հետագայում այդ ցուցանիշը հասցվելու է մինչև 150 միլիոնի: