
Թուրքիայում խստացվում է ատելության հողի վրա կատարված հանցանքների պատժաչափը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունն ավարտել է ատելության հողի վրա հանցագործության մասին օրինագծի մշակումը: Առաջիկա օրերին այն կներկայացվի խորհրդարան, որում ատելությունը և նախապաշարումները որակված են որպես ծանրացուցիչ հանգամանք՝ նախատեսված Թուրքիայի Քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով:
Օրինագծով նախատեսվում է երկարաձգել ատելության հողի վրա կատարված հանցանքների պատժաժամկետը: Օրինագծով առաջին անգամ այդպիսի հանցանքները որակվում են որպես մարդու «կենսակերպին միջամտություն»:
Նման հանցագործություններ են համարվում այս կամ այն անձի կամ անձանց խմբերի լեզվական, էթնիկ, կրոնական պատկանելության, մաշկի գույնի, սեռի, անօգնական վիճակի, քաղաքական հայացքների, ազգության, փիլիսոփայական համոզմունքների հողի վրա կատարված հանցանքները:
Այդպիսի միտումնավոր հանցանքները պատժվելու են ավելի խիստ: Օրինակ, ռասիստական հողի վրա կատարված սպանության համար կպատժվեն ցմահ ազատազրկմամբ: Այս ամենն իրականացվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթի շրջանակներում: