Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններ վարելու մանդատը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը երեկ մեկ տարով երկարաձգել է Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնելու երկրի կառավարության մանդատը:
Խոսքը գնում է Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորության մասին, ուր գտնվում են նրա բազաներն ու ճամբարները:
Խորհրդարանում Իրաքի դեմ անդրսահմանային գործողություններին օգտին արտահայտվել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), իսկ ահա քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) դեմ է արտահայտվել դրան:
Թուրքիայի խորոհրդարանի այս որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 17-ից: Նշվում է, որ 2007 թվականից սկսած՝ Թուրքիայի խորհրդարանն ամեն տարի մեկ տարով երկարաձգում է Հյուսիսային Իրաքի դեմ ռազմական գործողություններ վարելու մանդատը: