Գալուստ Սահակյան. Զարուհի Փոստանջյանը հաջորդ անգամ չի լինի պատվիրակության կազմում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքում է լուրերը, թե իշխող մեծամասնությունը, մասնավորապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոշմանել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ԵԽ ԽՎ-ում հնչեցրած հարցից հետո, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից հեռացնելու մտադրությունից: 168.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Զ. Փոստանջյանն իր ցուցաբերած «պահվածքի» պատճառով ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության հաջորդ կազմում ընդգրկված չի լինի.

«Գիտեք, թեման այնպիսին է, ոնց որ թե ամեն անգամ խոսելիս մեծարում ենք: Չմտածեք, թե մենք մեծարում ենք, Զ. Փոստանջյանի մեծարումը հիմա Ադրբեջանում է կատարվում: Կազմից հանել կամ կազմում թողնել… սա ԱԺ նախագահի լիազորության շրջանակներում է, առավել ևս, որ պատվիրակությունները ենթակա են ռոտացիայի: Էս պահին մենք չորս պատվիրակության անդամ ունենք` չորս փոխարինող, չորս հիմնական, որից երեքը քաղաքական մեծամասնությունն են ներկայացնում, իսկ 5-ը՝ ընդդիմությունից: Կազմում ընդգրկված չէ ՕԵԿ-ը:

Ըստ էության, միտքը հետևյալում է, որ մեկ տարի հետո կազմը պետք  է ռոտացիայի ենթարկվի: Մենք նախկինում չգնացինք այն ճանապարհով, որ մեծամասնությունը ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից լինեն ու մեկ-երկու ընդդիմադիր` կարծելով, որ հնարավորություն է պետք տալ ընդդիմությանը: Մենք ունենք մեկ մոտեցում` միասին լուծել երկրի խնդիրները: Բայց սա չի նշանակում, որ երկիրը  ներկայացնող ընդդիմադիր պատգամավորը պետք է քաղաքական թիմի տեսակետը չներկայացնի: Հակառակը: Հիմա մենք ոչ թե Զարուհու նկատմամբ փոշմանել ենք կամ չենք փոշմանել, այլ չենք ընդունում նման դիրքորոշումը, պահելաձև: Սա է պատճառը, որ Զարուհի Փոստանջյանը հաջորդ անգամ չի լինի պատվիրակության կազմում»:

Մեր հարցին՝ այսինքն՝ պատվիրակությունը համալրվելու է ՕԵԿ ներկայացուցչո՞վ, նա պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո»:

Կարդացեք նաև

Հարցին, թե հնարավո՞ր է, որ վերակազմավորումից հետո կազմից դուրս մնա ոչ միայն Զ. Փոստանջյանը, այլև Լևոն Զուրաբյանը, ում անունը ևս շրջանառվում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այդ լիազորություններն ԱԺ նախագահինն են, ինքն է կազմը ներկայացնում, հրամանագրում»:

Մենք հետաքրքվեցինք նաև, թե արդյոք անհամաչափ չի՞ լինի պատվիրակության կազմը, եթե այն համալրվի ՕԵԿ ներկայացուցչով: «Եթե անգամ այդպես որոշվի, մենք վերապահումներ կանենք: Իշխանությանը երկու-երեք անդամն էլ է բավարար, որ իր քաղաքական վերլուծությունները ներկայացնի: Այնպես որ՝ կոնկրետ խնդիր` ընդդիմությանը կազմից հանելու առումով, մենք չունենք»:

Տեսանյութեր

Լրահոս