Ես այլևս ՀՅԴ անդամ չեմ. Արամայիս Գրիգորյան (տեսանյութ)
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը 2 տարի առաջ դադարեցրել է իր անդամակցությունը ՀՅԴ կուսակցությանը, իսկ անցած նախագահական ընտրությունների ժամանակ աշխատել է հօգուտ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ինքը՝ Ա.Գրիգորյանը, միաժամանակ նշելով, որ ՀՅԴ շարքերում լավ ընկերներ ունի, որոնց հետո հարաբերությունները այսուհետ ևս կշարունակվեն:
«Նախորդ մարզպետի՝ պարոն Բարսեղյանի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք, մենք միասին շատ հարցերում կարողացել ենք կոնկրետ աշխատանքներ իրականացնել և, եթե մարզում այսօր կլինեն հրատապ հարցեր, առաջին հերթին դրանց ուշադրություն կդարձվեն»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Մարզպետը դժվարացավ նշել, թե ինչ կադրային փոփոխություներ են սպասվում մարզպետարանում. «Մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, ովքեր կարող են իրենց աշխատանքը շարունակել ի օգուտ մարզի զարգացման և բնակչության հոգսերի հետ կապված բոլոր խնդիրների լուծման համար, նրանք կշարունակեն աշխատել»:
Մեկնաբանելով շրջանառվող վարկածը, որ նախկին մարզպետին պաշտոնից հեռացրին Հովիկ Աբրահամյանի ազգականների հետ կապված դիզվառելիքի սկանդալի պատճառով, Ա.Գրիգորյանը նկատեց, թե նախկին մարզպետը շատ հարգարժան, պրոֆեսիոնալ մարդ է, ունի իր հեղինակությունը. «Երբ ստանձնեց իր պաշտոնը, Բարսեղյանը մեծ հեղինակություն ձեռք բերեց տարածաշրջանում: Ես նման բաներ չեմ լսել, մարդը հեռացել է իր աշխատանքից զուտ տարիքի հետ կապված»:
Ա.Գրիգորյանը նաև հավաստեց, թե պետական պաշտոն ստանձելուց հետո դադարել է զբաղվել բիզնեսով:
Նշենք, որ նա «Ավշար» գործարանի սեփականատերն է: