
Ադրբեջանում ընտրական գործընթացը եղել է ազատ, արդար և թափանցիկ. Եվրախորհրդարան և ԵԽԽՎ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի Դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ առաջին եզրակացությունը:
Փաստաթղթում վստահեցվում է, որ հոկտեմբերի 9-ի ընտրական գործընթացը եղել է «թափանցիկ, ազատ ու արդար»: Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Պինո Արլաչին հայտարարել է, որ քվեարկությունն անցել է հանգիստ պայմաններում՝ գոհունակություն հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից ընտրությունների «տեխնիկական նախապատրաստման» կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ իրենք չեն գրանցել ընտրատեղամասերում դիտորդների վրա ճնշման դեպքեր: Առաքելության ներկայացուցիչները կարծում են, որ ընտրությունները որոշակի հնարավորություններ են ստեղծել ադրբեջանական ընդդիմության համար, ինչը հետագայում պետք է զարգացում ապրի, և որ ներկայիս ընտրական գործընթացը միայն սկիզբն է:
Նշվում է, որ Եվրախորհրդարանի պատվիրակության մեջ մտել է ընդամենը 7 պատգամավոր, իսկ ԵԽԽՎ-ի պատվիրակության, որը գլխավորել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը, կազմում գտնվել է 32 պատգամավոր: Ադրբեջանական լրատվամիջոցը Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի այս եզրակացությունը շաղկապում է «խավիարային դիվանագիտության» հետ: