Իլհամ Ալիևը նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով դիմել է ժողովրդին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո, որոնցով նա երեկվա նախագահական ընտրությունների արդյունքներով ստացել է քվեների մոտ 85 տոկոսը, դիմել է ժողովրդին.
«Ես շնորհակալ եմ հարազատ ժողովրդին, որն իմ նկատմամբ ցուցաբերել է մեծ վստահություն և նախագահի պաշտոնում վերստին ընտրել է ինձ: Ցանկանում եմ վստահեցնել Ադրբեջանի ժողովրդին, որ մշտապես պաշտպանելու եմ Ադրբեջանի պետական շահերը»:
Ապա Ալիևը թվարկել է այն հաջողությունները, որոնք նրա կարծիքով՝ Ադրբեջանն ունեցել է իր կառավարման10 տարիներին՝ ընդգծելով, որ դեռևս 2003 թվականին ժողովրդին խոստացել է, որ հավատարիմ է մնալու իր հոր՝ Հեյդար Ալիևի քաղաքականությանը:
Ադրբեջանի ԿԸՀ-ի ղեկավար Մազահիր Պանախովը գիշերը ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի 72 տոկոսի (3947 ընտրատեղամաս) քվեների հաշվարկը: Ըստ դրա՝ Ալիևը ստացել է քվեների 84.73 տոկոսը (2.039.127 մարդ):
Իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին ստացել է քվեների ընդամենը 5.27 տոկոսը (148.400 մարդ): Երրորդ տեղում է «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեն՝ 2.32 տոկոս (65.469 մարդ): Ընտրություններին մասնակցել է 3.720.643 մարդ՝ բոլոր ընտրողների 72.31 տոկոսը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններ անցկացվում են 5 տարին մեկ անգամ: 2003 թվականի ընտրություններում Իլհամ Ալիևը հավաքել է քվեների 76.8 տոկոսը (2.438.787 քվե), իսկ 2008 թվականի ընտրություններում՝ 87.34 տոկոսը (3.232.259 քվե):
Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի կողմից սեփական թեկնածությունը երրորդ անգամ առաջադրելը հնարավոր դարձավ նրա իսկ կողմից 2009 թվականին իրականացված սահմանադրական ուղղումների շնորհիվ, որոնցով մեկ անձին թույլատրվեց անսահմանափակ քանակությամբ ընտրվել նախագահի պաշտոնում:



