Բաժիններ՝

Եվրապարտատոմսերը չեն ազդի հայաստանյան տոկոսադրույքների վրա

ՀՀ կառավարության թողարկած 6%-անոց եվրոպարտատոմսերը չեն կարող ազդեցություն ունենալ ՀՀ-ում բանկային տոկոսադրույքների վրա: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի Տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը: Ըստ նրա՝ այդ գումարները վերցվել են համաշխարհային շուկայից և ծավալն այն չէ, որ լուրջ ազդեցություն ունենա:

«Սովորաբար ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ նույն շուկայոմ է գործիքը: Իսկ այդ միջոցները միջազգային շուկայում են տեղաբաշխված, չեմ կարծում, որ ուղիղ կամ նույնիսկ անուղղակի ազդեցություն կունենա»,- ասաց Գ. Մաչանյանը:

Նրա խոսքով՝ հայկական բանկերը միջազգային ազատ շուկայից գումար դեռ չեն ներգրավել, և հիմնականում համագործակցում են միջազգային ֆինանսական կառույցների հետ. «Պետության կողմից եվրոպարտատոմսերի միջոցով գումարների ներգրավումը չի ազդի միջազգային կառույցների հետ մեր՝ բանկերիս, հարաբերությունների վրա: Թեև միջազգային կառույցների փողը մի քիչ ավելի թանկ է, բայց իհարկե կարևոր է ժամկետայնությունը: Չէ՞ որ կան ավելի երկար, կան ավելի կարճաժամկետ փողեր»:

Բանկի ղեկավարի խոսքով՝ ՀՀ տնտեսության վիճակը նորմալ է, բայց որոշակի ռիսկեր կան, որոնք բնորոշ են անորոշություններին, մասնավորապես՝ կապված Մաքսային միության ու ԵՄ փոխհարաբերությունների հետ. «Բիզնեսի և իմ մոտ էլ սպասումներ էին, որ կախված նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, կարող էր ազդեցություն ունենալ: Հոգեբանական պահերը ազդում են բիզնես ծրագրերի վրա: Եթե ինչոր մեկը բիզնես ծրագրեր ունի, ուզում է իրականացնել, երբ քաղաքական անորոշություններ կան, միգուցե կսպասի: Այս հստակեցումներից հետո հույս ունեմ, որ աշխուժություն կլինի»:

Գ.Մաչանյանը դժվարացավ պատասխանել, թե ՄՄ-ին անդամությունն ինչպես կազդի հայկական բանկային համակարգի վրա: Ըստ նրա՝ դեռ վերջնական ոչ մի բան պարզ չէ, օրինակ՝ ՄՄ-ն ինչ է, ինչ է նախատեսվում, ինչ տարիֆներ, ինչ սահմանափակումներ կլինեն. «Երբ կպարզվի, կերևա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս