Մոռանալ Վիլնյուսը

«Հայաստանը սեպտեմբերի 3-ի հայտարարած որոշումից հետո այլևս ո´չ ցանկանում է, ո´չ էլ ի վիճակի է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որովհետև չի կարող լինել Ասոցացման պայմանագիր` առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի: Երեք շաբաթ առաջ ես Բրյուսելում էի, և սա ինձ համար ակնհայտ դարձավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Մեր ճշտմանը` այսինքն, ըստ նրա, նոյեմբերին Վիլնյուսում Եվրոպական միության հետ որևէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու, Կիրակոսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, որևէ բան չի էլ առաջարկվել ստորագրելու համար»:

Քաղաքագետի խոսքով` այժմ գործընթացը վերաբերում է ոչ թե վիլնյուսյան գագաթաժողովին, այլ այն գործողություններին, որոնք սպասվում են Վիլնյուսից հետո, այսինքն` Հայաստանը և Եվրամիությունը փորձելու են համագործակցության համար ստեղծել իրավական նոր սահմանագծեր:

«Միաժամանակ չկա որևէ երաշխավորություն, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այլ կերպ ասած` սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտարարությունը ոչ թե նշանակում էր, թե Հայաստանը «այո´» ասաց Մաքսային միությանը, այլ ավելի շատ «ո´չ» ասաց Եվրոպական միությանը»,- ավելացրեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ասել էր. «Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում և ամբողջովին պատրաստ ենք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս