
Տիգրան Առաքելյան. Դուք չե՞ք հարգում ձեր կուսակցապետի ընդունած օրենքը

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով երկու տարի ազատազրկման մեջ գտնվող Տիգրան Առաքելյանը չորեքշաբթի օրը դատարանի դահլիճում վրդովված հայտարարեց, որ հրաժարվում է իր նկատմամբ համաներման կիրառումից, որովհետև դատարանը չցանկացավ լսել նրա խափանման միջոցը փոխելու՝ պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը:
«Ազատություն» ռադիոկայանի-ի փոխանցմամբ՝ այսօր ընդդիմադիր չորս ակտիվիստների գործով դատաքննությունը Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց, և կողմերին առաջարկվեց հանդես գալ ճառերով: Շուշանյանը հայտարարեց, որ պաշտպանական ճառի համար իրենց ժամանակ է անհրաժեշտ, և որպեսզի այդ ընթացքում Առաքելյանը չմնա անազատության մեջ, քանի որ համաներման որոշմամբ վերացել են նրա խափանման միջոցը չփոխելու բոլոր հիմքերը, ուստի անհրաժեշտ է կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցով:
Սակայն նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանը հայտարարեց, որ փաստաբանն այդ միջնորդությամբ կարող է հանդես գալ միայն պաշտպանական ճառի ժամանակ, ինչին փաստաբանը հակադարձեց, որ դրանով ապօրինի ձևով սահմանափակվում են իր իրավունքները:
Տիգրան Առաքելյանը վրդովված բացականչեց, որ դատարանը, փաստորեն, չի հարգում նույնիսկ իր վերադասի կայացրած որոշումը համաներման մասին, և եթե այդպես է՝ իրեն այդ համաներումը պետք չէ. – «Այսինքն ապօրինի՞ է պահվում ինձ կալանքի տակ հիմա: Երկու ամիս ավել եմ նստել: Էն էլ ձեր կուսակցապետի ամնիստիան է, դուք չե՞ք հարգում ձեր կուսակցապետի ընդունած օրենքը: Օրենք է, չէ՞, ամնիստիան: Դա էլ ևս մեկ փաստ, որ սա քաղաքական հետապնդում է, ժամ ավել պահել կալանքի տակ»:
Դահլիճում ներկաները սկսեցին սուլել և բացականչել՝ «ամո՛թ», այդ պահին դատարանը հեռացավ դահլիճից առանց որևէ բան ասելու, ինչից հետո Առաքելյանի թևերը բռնած ուժով տարան դահլիճից:
Մանրամասները կարդացեք այստեղ՝