Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվում են բռնությունների ֆոնին. Amnesty International
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/100800052779.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ սպառնալիքները, վատ վերաբերմունքը, ապօրինի կալանավորումները, կեղծ մեղադրանքները ու անարդար դատական որոշումները հանդիսանում են հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին ադրբեջանական իշխանությունների գործադրած ճնշման մի մասը:
Հայտարարությունում նաև նշված է, որ գործնականում ամեն օր քաղաքացիական հասարակության ակտիվիստները կալանավորվում են և նրանց դեմ ներկայացվում են մեղադրանքներ, ինչն այնպիսի հաճախականությամբ է տեղի ունենում, որ անգամ բարդ է լինում իրավիճակի ծանրությանը գնահատական տալը:
Amnesty International-ը հիշեցրել է, որ Ադրբեջանում արդեն իսկ 14 մարդու ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ», որոնք վանդակաճաղերից այն կողմ են հայտնվել միայն նրա համար, որ ազատորեն արտահայտել են իրենց մտքերը և մասնակցել են խաղաղ ակցիաների: Amnesty International-ը կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել այդ մարդկանց: