Եվրահանձնաժողովն առաջարկել է փրկարարական հատուկ ծառայություն ստեղծել Միջերկրական ծովում
BBC-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովն առաջարկել է ստեղծել որոնողական-փրկարարական հատուկ ծառայություն՝ կանխելու համար Միջերկրական ծովով Եվրոպա ուղևորվող ներգաղթյալների կործանումը ծովում:
Այդպիսի նախաձեռնության հեղինակը ԵՄ-ի՝ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմն է, ով խոստացել է այդ պլանը ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարներին ներկայացնել այսօր Լյուքսեմբուրգում կայացող խորհրդաժողովում:
Հանձնակատարի մտահղացմամբ՝ միասնական համաեվրոպական այդ ծառայությունը պետք է պարեկություն կատարի Կիպրոսից մինչև Իսպանիա ընկած տարածքում՝ հետևելու համար միջադեպերին և փրկելու համար կործանվող քաղաքացիական նավերում գտնվող ասիացի ու աֆրիկացի վտարանդիներին:
Մալմստրյոմը պարզաբանել է, որ նման ծառայությունը կկարողանար կանխել ոչ վաղ անցյալում իտալական Լամպեդուզա կղզու մոտ գրանցված աղետի զոհերին: Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհվել են հարյուրավոր ներգաղթյալներ: Նավի ավելի քան 500 ուղևորներից հաջողվել է փրկվել միայն 155-ին:
Ներկայումս ԵՄ-ն ունի սահմանների միացյալ պահպանման ծառայություն՝ Frontex, սակայն այդ կառույցը սահմանափակ ռեսուրսներ ունի Միջերկրական ծովի ավազանում: Նրա տրամադրության տակ առկա է միայն 4 նավ, 2 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ: Մալմստրյոմի կարծիքով՝ դա կատարելապես բավական չէ:
Նշվում է, որ Միջերկրական ծովով ներգաղթյալների ամենամեծ ներհոսքը բաժին է ընկնում Իտալիային ու Իսպանիային: