
Արթուր Ջավադյանը մեկնում է ԱՄՆ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-12-ը մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2013 թ. տարեկան ժողովին:
Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ դրամավարկային և կապիտալ շուկաների դեպարտամենտի տնօրեն Կառլոս Մեդեյրոսի, ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրենների, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Արթուր Ջավադյանի այցի ընթացքում նախատեսված է հանդիպում սերտիֆիկացման ոլորտում մասնագիտացած «Բյուրո Վերիտաս» կազմակերպության հետ՝ երկկողմ գործակցության վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով (2012 թ. հունվարի 24-ին «Բյուրո Վերիտաս» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկը ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին):