
Ներգաղթյալները պետք է տիրապետեն ռուսերենին և հարգեն ռուսական օրենքները. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությասն գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ներգաղթի հետ կապված խնդիրներին:
Պուտինը հայտարարել է, որ վիզային ռեժիմը միմյանցից կհեռացնի ԱՊՀ-ի գծով գործընկերներին. «ԱՊՀ շրջանակներում վիզային ռեժմի սահմանումը կնշանակի, որ մենք մեզանից հետ ենք մղում Խորհրդային Միության նախկին հանրապետություններին: Մեզ անհրաժեշտ է ոչ թե հեռացնել, այլ՝ մոտեցնել նրանց:
Մենք պետք է այդ գործընթացն իրականացնենք առավել քաղաքակիրթ ձևով, աշխատանքը կարգավորել այդ ուղղությամբ, որպեսզի դա բնիկների մոտ առաջացնի միայն դրական արձագանք:
Մեր աշխատաշուկան կարիք ունի այն աշխատատեղերի համալրման, որը չեն լցնում տեղի քաղաքացիները: Դրա համար էլ մեզ անհրաժեշտ է ուշադիր զննել այդ աշխատաշուկան, ավելի պրոֆեսիոնալ ձևով լուծել հարցը, թե որ աշխատատեղերի համար թույլատրել ներգաղթյալների մուտքը:
Երկրորդն այն է, որ ներգաղթյալները պետք է հասկանան, որ նրանք պետք է տիրապետեն ռուսերենին, տեղյակ լինեն ռուսական մշակույթի մասին և հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները:
Իրավապահ մարմինները պետք է արձագանքեն համապատասխան ձևով, և այստեղ շատ կարևոր է հասարակության կողմից իրավապահ մարմինների վերահսկողությունը՝ ամեն տիպի կոռուպցիոն երևույթների հայտնվելը կանխելու համար:
Ինչ վերաբերում է Սիբիրին ու Հեռավոր Արևելքին, ապա ոչ ոք (Ռուսաստանի քաղաքացիներից ու ներգաղթյալներից) բռնի չի ուղարկվում այդ տարածքներ: Այնտեղ պետք է ստեղծել սոցիալական ու տնտեսական բարենպաստ պայմաններ: Հենց դա կլինի այդ տարածքների զարգացման գլխավոր պայմանը»: