Արարատ Զուրաբյան. Մեկ օրվա մեջ ամեն ինչ փլուզվեց
Այն, որ իշխանությունները գնացին Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհով, ՀՀՇ վերակազմավորվող նախաձեռնող խմբի անդամ Արարատ Զուրաբյանը կարծիքով, մի քիչ զարմանք է առաջացնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Զուրաբյանը նշեց, թե մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանը հստակ գնում էր դեպի Եվրոպա, բայց մեկ օրվա մեջ ամեն ինչ «փլուզվեց»: Ըստ նրա՝ Հայաստանի համար եվրոինտեգրումը շատ կարևոր էր և կտրուկ կարող էր փոխեր երկրի վիճակը, և երկրի զարգացումը կընթանար այլ ճանապարհով: «Մենք դուրս մնացինք եվրոպական ինտեգրացիայի պրոցեսից՝ ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, ովքեր կստորագրեն կամ կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց նա՝ ավելացնելով, թե որևէ մեկը չի կարող լուրջ պատասխան տալ՝ ի՞նչ է Մաքսային միությունը:
«Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող առավելությունների մասին խոսել, դեռ վաղ է: Բայց կլինեն կորուստներ, սա ակնհայտ է: Մի կորուստ արդեն կա՝ Սերժ Սարգսյանը Կրթության նախարարությունում հայտարարեց, որ աշխատավարձերը կրկնակի ավելանալու են, բայց մի քանի օր հետո՝ Մաքսային միությանը անդամագրվելու մասին հայտարարությունից հետո, վարչապետը հայտարարեց, որ աշխատավարձերը կավելանան ամռանը, ոչ թե նոր տարվան, այն էլ ՝ քառասուն տոկոսով: Ես սա կապում եմ այս պրոցեսների հետ, որովհետև կանխատեսվում էր, որ կլինեն մուտքեր»,- շեշտեց նա:
Արարատ Զուրաբյանը որպես օրինակ մեկ համեմատություն արեց. ըստ նրա՝ եթե ընտրություն կա՝ Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտի և Հարվարդի համալսարանի միջև, ապա գերադասելի է ձգտում ունենալ ավելի բարձ պայմանների: «Պետք է լինի ձգտում փոխելու, փոփոխելու որոշ հարցեր: Բնական է, որ կլինեին բարդություններ, որովհեև սա քաղաքակրթական համակարգերի ընտրության հարց է»,- հավելեց նա՝ նկատելով, որ բնականաբար անվտանգության խնդիրներն առկա են, ինչը լուրջ մարտահրավեր է:
Հարցին՝ արդյոք Հայաստանի և Եվրամիության միջև կնախաստորագրվի՞ Ասոցացման համաձայնագիրը, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, թե չի կարծում, որ Եվոպան հրաժարվելու է ՀՀ-ից: