ԱՄՆ-ում դեֆոլթի հայտարարումը կործանարար հետևանքներ կունենա համայն աշխարհի համար. Bloomberg
Bloomberg գործակալությունը հայտնել է, որ արտաքին պարտքը վճարելուց ԱՄՆ-ի հրաժարվելը հանգեցնելու է Բրազիլիայից մինչև Ցյուրիխ ֆինանսական շուկաների վրա կործանարար հետևանքների, կանգնեցնելու է 5 տրիլիոն դոլարի կրեդիտային մեխանիզմը, որը կախված է ԱՄՆ պետական պարտատոմսերից, կարժեզրկի դոլարը և համայն աշխարհը կներքաշի տնտեսական դեպրեսիայի մեջ:
Գործակալությունն ընդգծում է, որ ԱՄՆ դեֆոլթը համայն աշխարհում կհանգեցնի մի շարք սնանկացումների: Ներկայումս ֆինանսական շուկայում ԱՄՆ-ի ենթադրյալ դեֆոլթը համեմատում են Lehman Brothers-ի սնանկության հետ, որն ի ցույց դրեց երկրի ֆինանսական սեկտորի լուրջ թերությունները:
ԱՄՆ սահմաններից դուրս ամերիկյան կառավարության պարտատոմսերի գների անկումն ամենամեծ վնասը հասցնելու է Չինաստանին ու Ճապոնիային, որոնք իրենց հաշվեկշիռներում պահում են համապատասխանաբար 1.3 տրիլիոն և 1.1 տրիլիոն դոլարի ԱՄՆ պարտքային արժեթղթեր:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսաների նախարարությունը զգուշացրել է, որ մինչև հոկտեմբերի 17-ը գերատեսչության հաշվեհամարներում մնալու է 30 միլիարդ դոլար, մինչդեռ օրական ծախսերը կազմում են 60 միլիարդ դոլար: Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլթ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքերի վճարումը հետաձգվեց մինչև 1801 թվականը: