PKK-ը խոստացել է առաջինը չխախտել հրադադարը
Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հրադադարը կխախտեն միայն ի պատասխան թուրքական անվտանգության ուժերի ուժային գործողություններին: Այս մասին հայտարարել է PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը.
«Քրդական հարցի կարգավորման գործընթացը գտնվում է զգայուն փուլում: Եթե պետությունը չխախտի հրադադարի պայմանները, մենք նույնպես չենք անի դա: Սակայն մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ եթե սկսվեն ռազմական գործողություններ, ապա կտապալվեն պայմանավորվածությունները:
PKK-ն դադարեցրել է երկիրը լքելու գործընթացը: Մեզ հարկադրեցին վարվել նման կերպ: Դրա պատասխանատուն կառավարությունն է: Եթե վաղը տապալվի կարգավորման գործընթացը, ապա մենք մեղավոր չենք լինի դրանում»: Քարայըլանը քննադատել է նաև վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած ժողովրդավարական բարեփոխումների նոր փաթեթը:
Քարայըլանն ընդգծել է երեք կետ, որոնց իրագործման դեպքում առաջընթաց կգրանցվի կարգավորման գործընթացում. Անկարան պետք է բանակցություններում ներգրավվի անկախ դիտորդների, անցկացնի օրենսդրական լուրջ բարեփոխումներ և մեղմացնի քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները: