Բիոմթերք արտադրողները մոլորեցրել են սպառողներին. ՏՄՊՊՀ-ն տասնյակ խախտումներ է հայտնաբերել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովն այսօր նիստում հրապարակեց «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» և նման անվանումներով մակնշված պարենային ապրանքների շուկայում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները:
Պարզվել է, որ բիոմթերք արտադրող ընկերություններն այնքան էլ բարեխիղճ գործունեություն չեն ծավալում: Ինչպես տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, պարենային շուկայում հանձնաժողովը հայտնաբերել է տասնյակ խախտումներ՝ «Բիո», «էկո» անվանումներով մակնշումները իրականությանը չեն համապատասխանել: Խախտումներ են թույլ տվել «Թալին ֆուդ», «Կալաչ», «Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան», «Նյու վեյ», «Ռաֆայել քոնթինի Քամփնի, «ԱՁ Գ. Հյուսյան» և «Ամառտի» ընկերությունները, որոնք գործում են հացի, հրուշակեղենի, մեղրի, պահածոների, ձավարեղենի, թեյի և այլ շուկաներում:
Համաձայն օրենսդրության՝ մակնշման մեջ և գովազդում «օրգանական», «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» անվանումները կարելի է օգտագործել միայն համապատասխան սերտիֆիկացում անցնելուց հետո: Սակայն մի շարք ընկերություններ հավաստման փաստաթուղթ չեն ներկայացրել ՏՄՊՊՀ-ին:
Սակայն այս անգամ արատադրողներն իրենց համար արդարցում են գտել՝ պատճառաբանելով, թե չեն մտածել, որ «բիո», «էկո» մակնշումներով մոլորության մեջ են գցում սպառողներին և, Ա.Շաբոյանի խոսքով, պատարաստակամություն են հայտնել կարճ ժամանակամիջոցում կամ սերտիֆիկացնել, կամ նշված գրառումները պիտակներից հանել: ՏՄՊՊՀ-ն նրանց հանձնարարել է վերացնել խախտումները:
«Սակայն եթե հաջորդ ուսումնասիրության ընթացքում խախտումներ հայտնաբերենք, ապա տնտեսվարողներին կենթարկենք ֆինանսական պատասխանատվության»,- ասաց Ա.Շաբոյանը:
Նիստում ընդգրված էր նաև ծերանոցներին, մանկատներին և մանկապարտեզներին պետական գնումների շրջանակում սննդի մատակարար հանդիսացած 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս հաստատությունների պետգնումների ոլորտում կրկին բացահայտվել են փոխհամաձայնեցված գործարքներ, մանավորապես՝ սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Ամարաս Յուս» և «Սեար գրուպ» ընկերությունների կողմից: Սակայն նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը ՏՄՊՊՀ այսօրվա օրակարգից հանվեց՝ նոր ի դերև եկած հանգամանքները ուսումնասիրելու համար: