Բախտի բաժակ. Գուշակության պատվեր բջջային հավելվածի միջոցով (տեսանյութ)

«Բախտի բաժակ» բջջային հավելվածի միջոցով այսուհետ հնարավոր է գուշակության պատվեր ուղարկել իրական գուշակին: Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը բջջայինի մեջ, գրանցվել համակարգում, լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված 3 դիրքով և հավելվածի միջոցով լուսանկարները ուղարկել հավելվածում ներկայացված գուշակների ցանկից որևէ գուշակի` ըստ օգտագործողի ընտրության, ու սպասել պատասխանի:

«Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակ Սեդա Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր գուշակներն իրական մարդիկ են, իսկ բոլոր գուշակություններն անհատական են:

Ս. Մուրադյանի խոսքով` ներկայումս գուշակության պատվերների պատասխանները կարելի է ստանալ 24 ժամվա ընթացքում, սակայն այդ պատասխան հաղորդագրության ստացման ժամանակահատվածը կկրճատվի հավելվածի ցանկում գուշակների քանակի ավելացմանը զուգահեռ: (Նշենք, որ ներկայում համակարգում գրանցված են ընդամենը 4 գուշակ- Լ.Մ.):

Ծառայության արժեքը յուրաքաչյուր պատվերի համար 2000 դրամ է, սակայն սա ևս փոփոխման ենթակա է:  Ըստ Ս. Մուրադյանի`մոտ ապագայում ծառայության վճարման մեթոդներն ու ծառայության գնային քաղաքականությանը կփոփոխվեն, մասնավորապես կգործի ճկուն զեղչային համակարգ` մի քանի պատվերների դեպքում:

Հարցին,թե որքանով են պատրաստ հայ գուշակները այս նորարարությանը, Ս.Մուրադյանը պատասխանեց, որ փորձել են գտնել մարդկանց ովքեր լրջորեն զբաղվում են գուշակությամբ, հավատում են իրենց գործին ու նաև որոշակի համակարգչային հմտություններ ունեն:

Հավելվածը դեռևս պատրաստ է միայն Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, սակայն առաջիկայում, ըստ Ս.Մուրադյանի` կլինի նաև iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար:

«Բախտի բաժակ»-ի մասին առավել կարող եք տեղեկանալ այցելելով այստեղ` www.fortunecup.am

Նշենք, որ հավելվածի գաղափարն իրականացվել է ձեռնարկատեր Արա Յաղջյանի և «Նիկիտա Մոբայլ» ընկերության հետ համագործակցությամբ: Հավելվածը ծրագրավորել է X-TECH ընկերությունը:

Նշենք, հավելվածը ներկայացված է այս օրերին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկած «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ:

Տեսանյութեր

Լրահոս