Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հավանականությունը 50/50 է
Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման հավանականությունը 50/50 է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«Դա կախված չէ մեր քաղաքական կամքից, տնտեսական ակտիվությունից, մեր մենեջմենթից. դա կախված է ռուս-վրացական հարաբերություններից: Ներկայումս որոշակի դրական միտումներ նկատվում են, ռուս-վրացական տնտեսական հարաբերությունները սկսում են վերականգնվել, նախկինի պես չեն, քաղաքական ատելությունը Վրաստանի կողմից փոխարինվում է հանդուրժողականությամբ և գործընկերությամբ: Շատ բան կախված է Վրաստանում ընտրություններից, որից հետո նրանց արտաքին քաղաքական կուրսը կճշգրտվի: Դրա համար ասում եմ՝ երկաթուղու բացման հավանակությունը 50/50 է»,- նշեց Ա.Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապող երկաթուղու շահագործումը դադարեցվել է 1992-1993 թթ. վրաց-աբխազական զինված հակամարտությունից հետո: Դրա գործարկումը հատկապես կարևորվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման համատեքստում: