Անընդունելի է նման հարցեր բարձրացնել` նման ոճով

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընդունելի՞ էր միջազգային կառույցում հարցադրում կատարել այն մասին, թե երկրի նախագահը որքա՞ն գումար է ծախսել եվրոպական կազինոյում, ինչպես վարվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ԵԽ ԽՎ-ում նման հարց ուղղելով նախագահ Սերժ Սարգսյանին: Ի պատասխան` Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Կան դիվանագիտական նորմեր, դիվանագիտական վարքագիծ: Անթույլատրելի է նման կերպ հարց տալն ու միջազգային ատյաններում նման հարց հնչեցնելը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ինչպես արտահայտվել, բայց ես գտնում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից հարիր չէ` միջազգային ատյաններում բարձրացնել նման հարցեր` նման ոճով»:

Ա. Արզումանյանի խոսքով` նման հարցադրումն առաջին հերթին վնասում է պետության վարկանիշին: «Ամեն երկրում էլ մի նման խնդիր կա, բայց երբևէ լսե՞լ եք, որ անձնական վիրավորանք պարունակող ելույթներ լինեն կամ հարցադրումներ այլ պատգամավորների, այլ պետությունների ներկայացուցիչների կողմից: Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց վերաբերյալ կարելի էր և պետք էր հարցադրումներ անել, պահանջել, որ նախագահը պատասխանի դրանց: Բայց նման տիպի վիրավորական ձևակերպումն անընդունելի է, իմ դիվանագիտական պրակտիկայում ես չեմ հանդիպել»,- նշեց նա:

Մեր այն հարցին, իսկ խիստ չէ՞ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտադրությունը` վերանայել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր ֆրակցիա ունի իր առաջադրման իրավունքը, և ըստ կանոնակարգի` ԱԺ նախագահի լիազորության շրջանակներում է` որոշել պատվիրակության վերջնական կազմը: Հիմա քննարկումներ են անցկացնում, խմբակցությունների ղեկավարների հետ կճշտեն և ըստ այդմ` կորոշեն` թողնե՞լ Զ. Փոստանջյանին կազմում, թե՞ ոչ, ինչն ամբողջապես իրենց լիազորությունն է, իրավունքը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս