
Օդանավակայանում սպասում են Զարուհի Փոստանջյանին (ֆոտոշարք)

Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում թվով 30 հոգի դրոշներով ու փուչիկներով սպասում են Ստրասբուրգից Երևան ժամանող Զարուհի Փոստանջյանին: Այնտեղ են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ չէ, և հայտնի չէ՝ նա կգա՞ դիմավորելու, թե՞ ոչ:
Օդանավակայանում է նաև ակտիվիստ Վարդգոս Գասպարին:
Սպասվում էր, որ օդանավակայանում պետք է լինեին նաև Զարուհի Փոստանջյանին դատապարտողները, ովքեր պատրաստվում էին ձվեր և պոմիդորներ նետել նրա վրա: Սակայն այս պահին նման մարդիկ այնտեղ չկան:
Այս առնչությամբ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Դա նշանակում է, որ նրանց իմաստնությունը մի փոքր ավելացել է, հասկացել են, որ նմանատիպ քայլ կատարելով իրենք ոչնչի չեն հասնի: Նման քայլը բացարձակ ադեկվատ լինել չէր կարող: Կարծում եմ, որ նախագահական նստավայրից հրապարակային կոչեր եղան նման ակցիա չիրականացնելու համար և դա ևս պատճառ էր: Հրահանգը տեղ է հասել»: