
ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության վրա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների ոլորտի փորձագետներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են արել աջակցել իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակական կառույցների աշխատանքին:
Այս կոչն արվել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: ՄԱԿ-ի համազեկուցողները տագնապալից են որակել Ադրբեջանում ազատ արտահայտվելու և ազատ հանրահավաքներ անցկացնելու շուրջ ստեղծված իրավիճակը:
ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ 2012 թվականին ազատ հանրահավաքների շուրջ օրենքում կատարված ուղղումները խստացրել են խաղաղ հանրահավաքների հանդեպ գործող սահմանափակումները, այդ թվում նաև դրանց կազմակերպիչների համար պատժի մեծացմամբ:
Համազեկուցողներին հատկապես մտահոգում են լրագրողներին ահաբեկելու ու հետապնդելու դեպքերը՝ ներառյալ անհիմն դատավարությունները: