Իրանն իր F-14-երը վերազինելու է սեփական արտադրության «օդ-օդ» դասի նոր հրթիռներով
Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր ամենաժամանակակից F-14 կանխազարկ-կործանիչները վերազինելու է սեփական արտադրության «օդ-օդ» դասի նոր հրթիռներով:
Նոր սերնդի հրթիռները կփոխարինեն ամերիկյան AIM-54A Phoenix «օդ-օդ» դասի հնացած հրթիռներին, որոնք ունեն մեծ հեռահարություն և ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների հետ Իրանին են մատակարարվել դեռևս շահական կառավարման ժամանակ:
Նշվում է, որ շահական Իրանը եղել է միակ երկիրը, ուր ԱՄՆ-ն արտահանել է իր F-14 ինքնաթիռները: Ընդհանուր առմամբ, մատակարարվել է 79 ինքնաթիռ: Փորձագետների կարծիքով՝ F-14-ը հաջողությամբ պայքարել է Իրաքի տրամադրության տակ եղած խորհրդային արտադրության МиГ-25 կործանիչների հետ:
Այժմ ամերիկյան հրթիռները փոխարինելու են «Ֆակուր-90» ծածկանունը ստացած, «օդ-օդ» դասի հրթիռներով: Այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, բրիգադի գեներալ Մոհամմադ Հիջազին: