Նիկոլ Փաշինյանը` ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր հարաբերությունների մասին
ԳԱԼԱ-Ին տված հարցազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև իր և ՀԱԿ-ի հարաբերություններին:
– Պարոն Փաշինյան, ՀԱԿ խմբակցության ներսում կա՞ն արդյոք խնդիրներ, եթե այո, ինչո՞վ է դա պայմանավորված: Որոշ ՀԱԿ գործիչներ հատկապես Ձեզ առնչվող հարցերում բավականին ագրեսիվ կեցվածք են որդեգրել, ինչո՞վ եք դա պայմանավորում:
– Ընդհանրապես` ինձ հետ կապված հարցերում ագրեսիվ պահվածք որդեգրում են ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանական ուժերի ներկայացուցիչները, եւ այդ փաստը բավականին խոսուն է:
– Մասնավորապես Ձեր խմբակցության պատգամավորները:
– Դուք գիտեք, որ ՀԱԿ խմբակցության հետ մենք ունենք իրավիճակ, ՀԱԿ խմբակցությունը ձեւավորվել է Հայ ազգային կոնգրես դաշինքի հիման վրա, բայց, ցավոք սրտի, այս տարվա սկզբին մենք ունեցանք մի իրավիճակ, երբ ՀԱԿ-ի վերնախավի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ ՀԱԿ դաշինք գոյություն չունի, այսինքն միակողմանի այդպիսի հայտարարություն արեցին, եւ հիմա այդ հարաբերությունները կառուցվում են, ըստ էության, այդ հայտարարությունների հետեւանքների վրա: Այնպես որ` այստեղ, ցավոք սրտի, շատ բան հարաբերական է:
– Ինչպիսի՞ն է Ձեր եւ կոնկրետ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանի հարաբերությունները:
– Ամեն անգամ, երբ ես գնում եմ հարցազրույցների, արդեն շատ երկար այդ հարցը ինձ տալիս են, մինչդեռ այդ հարցին ես ամենայն մանրամասնությամբ պատասխանել եմ դեռ հունիս ամսին: 2013 թվականի հունիս ամսին ես ասել եմ, որ սկսած 2012 թվականի հունիսից ես որեւէ հանդիպում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որեւէ շփում չեմ ունեցել:
– Խմբակցության նիստերին եւս չե՞ք մասնակցում:
– Խնդիրը հետեւյալն է, ես արդեն ասեցի, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում խմբակցություն, այն բանից հետո, երբ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ դաշինք այլեւս գոյություն չունի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: