Ակցիա Դատախազության դիմաց. «Արմավիրի իրավապահները մինչ օրս կրակն են ընկել կեղծիքներով ու սարքված գործի ու կալանքի որոշման պատճառով» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա անցկացրին արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արամ Մուղալյանի հարազատներն ու ընկերները: Ոստիկաններն այդպես էլ ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ Դատախազության շենքին՝ հղում անելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև նշելով, որ անմիջապես շենքի դիմաց ակցիա անցկացնելով՝ բողոքի ակցիայի մասնակիցները կխոչընդոտեն Դատախազության աշխատանքներին: Արամ Մուղալյանի մայրը՝ Վարդուհի Շափաղաթյանը, նշեց, որ իրենք կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն, և համաձայնեց ակցիան անցկացնել Գլխավոր դատախազության շենքի դիմացի փողոցում: Ամբաստանյալի մայրն ասաց, որ իրենց պահանջները չորսն են՝ «փոխել խափանման միջոցը, առավել ևս, որ սպառվել են առարկության բոլոր հիմքերը. դատարանը լսել է բոլոր վկաներին, իսկ համաներումը տարածվում է տղաների վրա, ապահովել արդար դատաքննություն, արդարացնել Արամ Մուղալյանին և նրա ընկերներին, բացահայտել նախաքննության կեղծիքները: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված նման դիրքորոշումը՝ կապված այս քրեական գործի հետ: «Ես իրավունք չունեմ իմ կարծիքն այսպես հրապարակավ ներկայացնել: Իհարկե, ես ունեմ իմ ենթադրությունները, բայց քանի որ ես չունեմ փաստեր, ես գերադասում եմ լռել: Շատերը, ովքեր այս գործի մեջ խորանում են, ենթատեքստերն էլ են հասկանում, պատճառներն էլ են հասկանում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում բարձրաձայնելու մի բան, որի համար ես չունեմ հիմնավոր ապացույցներ: Որ կան բազում կեղծիքներ գործի մեջ, դրանք բարձրաձայնվում են, դրանք ուղարկվել են համապատասխան մարմիններին, որովհետև դրանք փաստերով ապացուցված են, իսկ ենթադրություններն այնքան ակնհայտ են: Արամի ընկերուհիներից մեկն ասում է, թե սպիտակ թելով սևի վրա կարված գործ է, ակնհայտ է գործի մեջ այս ամենը. պարտադիր չէ իրավաբան լինել, որպեսզի կարողանաս կողմնորոշվել՝ ինչն ինչոց է»,- ասաց Արամ Մուղալյանի մայրը:
Միևնույն ժամանակ, Վարդուհի Շափաղաթյանն ասաց, որ ինքն այդ ամենում անձնական միտում չի տեսնում. «Ժողովրդական մի խոսք կա. ասում է՝ մի հիմար քարը գցում է ձորը, 10 խելոք չեն կարողանում հանել: Այս գործի ձևակերպումը հենց դա է: Մի հիմարություն արվել է, սխալը գնացել է, հետո, փոխանակ կանգնեն՝ սխալը շտկեն, շարունակել են այս սխալը ծածկելու համար ավելի մեծ սխալներ գործել, ու այսպես շարունակվում է առ այսօր: Որևէ անձնական միտում ես չեմ տեսնում բացարձակապես: Ուղղակի ոստիկաններից մեկի ասելով՝ ոչ ճիշտ պահին իրենք հայտնվել են ոչ ճիշտ տեղում»:
Ամբաստանյալի մայրն ասաց,. որ որդուն առաջադրված մեղադրանքն անհեթեթ է. «Կան բազմաթիվ փաստացի ապացույցներ, որ ամբողջը հիմնված է 36.000 դրամի շուրջ: Այդ 36.000 դրամը շինծու մեղադրանք է, որովհետև 3-4 ամիս գյուղացին ասում է, որ՝ ինձ նյութական վնաս չեն պատճառել: Բազմաթիվ ցուցմունքներ, բազմաթիվ բացատրություններ, Ոստիկանության արձանագրություններ, որ ոչինչ չի կատարվել, երբ արդեն գործը պիտի մտնի դատարան, ու տեսնում են՝ այդքան կալանքի տակ են պահել, և ոչ մի հիմք չկա, ոչ մի պատճառ չկա այս ամենի համար, մեղադրանքի համար, որ այդքան ամիս պահել են, հանկարծ հայտնվում է, որ ծխահարվել է 30 կապ խոտ: Արդեն 3-4 ամիս հետո: Գյուղացին պետք է որ ավելի լավ հիշեր՝ ինչ է կատարվել դեպքի օրը: Տրամաբանորեն այդպես է: Իսկ ինքը հանկարծ ամիսներ հետո է հիշում: Մի խոսքով՝ կան շատ բաներ»:
Տիկին Վարդուհու տեղեկացմամբ՝ Արամ Մուղալյանն այս օրերին շարունակում է հացադուլը. այսօր ամբաստանյալի մայրը նրա պաշտպանից տեղեկացել է, որ որդին այսօր դադարեցնելու է սեպտեմբերի 30-ին հայտարարած ջրադուլը: Արամի վիճակը բավարար է: Բժիշները ցույց են տալիս համապատասխան օգնություն: Միևնույն ժամանակ՝ ամբաստանյալի մայրն ասաց, որ ինքը շատ կցանկանար՝ որդին դադարեցներ թե՛ հացադուլը, թե՛ ջրադուլը. «Պայքարի ուրիշ միջոցներ կան»: Արամ Մուղալյանի մայրն իրենց պահանջներով նամակը հանձնեց Գլխավոր դատախազություն և վճռաբեկ դատարան: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Արմավիրի մարզի իրավապահների բազմաթիվ կեղծարարությունների հետևանքով 5 ամիս ու 17 օր է, ինչ թիվ 48105713 քրեական գործով մեղադրվող Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (Արթուր Քլյանին գրավով տուն են թողել՝ նյարդային հիվանդության պատճառով)՝ որևէ փաստով չհիմնավորված մեղադրանքով: Խաբեությամբ ու ճնշումով գրված բացատրության հիման վրա կազմվել է քրեական գործ, իբրև թե գյուղին հարակից ամայի վայրում, առանց որևէ մեկի ներկայության, այրել են գետնին թափված ոչ պիտանի ծղոտը (ոչ թե դեզը), որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ՝ 36.000 դրամ արժողությամբ:
Այս նյութական վնասի մասին գյուղացին «հանկարծ հիշել է» ամիսներ անց, որ Արմավիրի իրավապահները կարողանան հիմնավորել իրենց սխալ ու անօրինական գործողությունների շղթան, փոխանակ կեսից կանգ առնելու: Նախաքննության սկզբում 18 օր շարունակ Արամն ու իր ընկերները՝ բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին: Մոտ 3 շաբաթ հետո միայն, ինչ-ինչ ներքին խնդիրներից ելնելով, առանց որևէ պատճառաբանության՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանքի անօրինական և անտրամաբանական որոշում: Հայտնի խոսք է. «Մի անխելք քարը գցում է ձորը, 10 խելոք չեն կարողանում հանել»: Արմավիրի իրավապահները մինչ օրս կրակն են ընկել կեղծիքներով ու սարքված գործի ու կալանքի որոշման պատճառով: Հետագայում էլ անհիմն պատճառաբանությամբ մերժվել են կալանքից գրավով ազատելու դիմումները: Արամ Մուղալյանը 13 օր հացադուլի մեջ գտնվելով՝ իր բողոքն է արտահայտել իրավապահների կամայականությունների դեմ: Տղաները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են այսքան ժամանակ կալանքի տակ, ինչու իրենց գրավով ու անձնական երաշխավորությամբ բաց չեն թողնում, ինչու են չեղած տեղից գործ սարքել ու նորանոր խախտումներով տանում են առաջ: Չստանալով այս հարցերի պատասխանը՝ Արամ Մուղալյանը ս.թ. սեպտեմբերի 27-ից կրկին հացադուլ է սկսել, որպեսզի իր ձայնը լսելի դարձնի, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի դատախազության կամայականություններին, որպեսզի փոխվի իր և իր ընկերների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, և իրենց վրայից հանվեն կեղծ մեղադրանքները: Իսկ ս.թ, սեպտեմբերի 30-ին, երբ Արամ Մուղալյանի պաշտպանը ներկայացրեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Արտակ Դավթյանի երաշխավորությունը խափանման միջոցը փոխելու մասին, և հնչեց դատախազ Աղաբեկյանի՝ միայն իր քմահաճությամբ հիմնավորված առարկությունը, Արամը, իբր բողոքի ակցիա, հայտարարեց նաև ջրադուլ: Մենք՝ պիկետի մասնակիցներս, ինչպես նաև բազում հայրենակիցներ, մեր ձայնը միացնում ենք Արամ Մուղալյանի և նրա ընկերների ձայնին և պահանջում ենք.
1. փոխել խափանման միջոցը, առավել ևս, որ սպառվել են առարկության բոլոր հիմքերը/ դատարանը լսել է բոլոր վկաներին, և համաներումը տարածվում է տղաների վրա ևս,
2. ապահովել արդար դատաքննություն,
3. արդարացնել Արամ Մուղալյանին և նրա ընկերներին,
4. բացահայտել նախաքննության կեղծիքները:
Մեծ ակնկալիքներով՝ պիկետի մասնակիցներ»: