ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հնչած հարցուպատասխաններին

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ ԳԱԼԱ-ի` նիստին ներկա են եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ գործադիրի մյուս անդամները: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են հիմնականում ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի եւ նրա հանդիպումների մասին եւ ԵԽԽՎ-ում հնչած հարցուպատասխաններին:

Հարցին, թե զինդատախազի կամ Վերահսկիչ պալատի նախագահի հարցը քննարկվե՞լ է արդյոք նիստում, կուսակցության մամլո խոսնակն ասել է. «Զինդատախազի հարցը չի քննարկվել, կուսակցությունը այն մարմինը չէ, որտեղ պետք է քննարկվեն այդ հարցերը: Ընդհանուր առմամբ կադրային հարցեր նիստում չեն քննարկվել»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Սերժ Սարգսյանն անդրադարձե՞լ է արդյոք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքին եւ հնչեցրած հարցին, Է. Շարմազանովն ասել է. «Նախագահը անդրադարձ չի կատարել, ինչպես հայտնի է, Ձեր կողմից նշված պատգամավորին նախագահը պատասխանեց Ստրասբուրգում»:

Ինչ վերաբերում է Ժառանգության ներկայացուցիչների այն պնդումներին, թե Զարուհի Փոստանջյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ապա ըստ Է. Շարմազանովի դրանք անհեթեթ են: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, Զ. Փոստանջյանը կարող էր այլ հարց ուղղել, սակայն իր հնարավորությունը սխալ օգտագործեց:

Կարդացեք նաև

Մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե Զ. Փոստանջյանին հարց տալու համար ուղղորդել է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ապա ըստ Շարմազանովի դրանք սուտ տեղեկություններ են, եւ որ դավադրության տեսությանը հավատալ պետք չէ: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, Ստրասբուրգում զարգացած իրադարձությունների վերաբերյալ ավելի շատ կխոսեն Հայաստան ժամանելուց հետո: Ի դեպ, Է. Շարմազանովն ասաց, որ զայրույթից չէ, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտադիր է փոխել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, քանի որ զայրույթը քաղաքական կատեգորիա չէ:

Տեսանյութեր

Լրահոս