Բաժիններ՝

Քացախի օգտակար հատկությունները

Քացախի պատրաստման գործընթացն ունի մի կարևոր առանձնահատկություն, դրա պատրաստման համար պիտանի են գերհասունացած, ծառի տակ թափված պտուղները։ Քացախ կարելի է պատրաստել ցանկացած պտղից, հատապտղից կամ դրանց վերամշակման արդյունքում առաջացած չեչից։

Խաղողի քացախ
Գինին վերամշակելիս խաղողի որոշ հյութը մնում է դրա մնացորդների մեջ, իսկ մնացորդները լավագույն հումք են խաղողի լավորակ քացախ ստանալու համար։
Խաղողի շիրան հանելուց հետո դրա չանչերը խնամքով հավաքում են նախապես մշակված 50-100 լիտրանոց տակառի մեջ և լավ մամլում։ Տակառը լիքը լցնելուց հետո վրան ավելացնում են ջուր այնքան, որ լրիվ ծածկի, դնում են կափարիչը և թողնում 4-5 սմ տրամագծով անցք` խմորման ժամանակ գազերի դուրս գալու համար։
Չանչերի մեջ եղած շաքարային մասի շնորհիվ խմորման ժամանակ առաջանում է սպիրտ։ Այդ պրոցեսի տևողությունը կախված է դրա պահպանման պայմաններից, որքան տաք է պահպանման տեղը, այնքան արագ է կատարվում քայքայումը։ 16-18 աստիճանի տակ 35-40 օրում խմորման պրոցեսը լրիվ ավարտվում է։

qacax (5)Ավարտից հետո բացում են տակառի կափարիչը, մամլում և հանում դրա միջի ողջ ջրային մասը, ստացված մասսան լցնում 10-15 լիտրանոց ապակյա բալոնի մեջ և պահում մառանում կամ խոհանոցում` 20-25 աստիճանի պայմաններում, որտեղ սպիրտը քացախային սնկերի և մանրէների միջոցով վերածվում է քացախաթթվի։
Որքան խաղողի չանչերի մեջ խաղողի հյութի պարունակությունը շատ է, քացախն այնքան թունդ է ստացվում։ Քացախի գույնը կախված է խաղողի տեսակից և գույնից։
6,5 տոկոսանոց սպիրտի հեղուկից ստացվում է 5 տոկոսանոց քացախաթթու, խմորման ժամանակաշրջանում տեղի է ունենում սպիրտի 0,5-1,0 տոկոս կորուստ։

Սպիրտի խմորման ժամանակ հեղուկի երեսին առաջանում է սպիտակ փառ, որը վկայում է քացախային միկրոբների առկայությունն ու կուտակումը։ Քացախային խմորման առաջին շրջանում առանձին միկրոբներ կազմում են երկար շղթաներ, որոնք ստեղծում են քացախային մայան կամ օջախը։ Դրանք առատ կերպով սնվելով սպիրտային մասերից` աճում և քացախի երեսին ստեղծում են սպիտակ ընդհանուր փառ և որոշ ժամանակ անց նստում ամանի հատակին։ Այսպիսով` սպիրտային մասսան խմորման միջոցով վեր է ածվում քացախի, որը պատրաստ է համարվում, երբ դրա երեսին սպիտակ փառի առաջացումը դադարում է։

Կարդացեք նաև

Սպիտակ մասսան (մայան), որը քացախի ֆերմենտ է, կարելի է օգտագործել այլ մասսայի մեջ` քացախելու պրոցեսն արագացնելու համար։

Խորհուրդ է տրվում քացախը երկար պահելու համար զտել 3-4 տակ թանզիֆով, լցնել 0,5-1,0 լիտրանոց ապակյա շշերի մեջ, մանրէազերծել 10-15 րոպե` 60-65 աստիճանի տակ, բերանը խցանել, զմռսել և պահել 12-16 աստիճանի պայմաններում։
Խաղողի քացախն ունի դրական ազդեցություն շնչառական համակարգի վրա, կիրառում են` հազի, բրոնխիտի, պլևրիտի և նույնիսկ սկսվող թոքախտի դեպքում, քանի որ ունի խորխաբեր հատկություն։ Խաղողի քացախն օգտակար է հյուծված մարդկանց։

Ուռուցքներ. Խաղողի չանչերը պարունակում են հակաօքսիդանտ նյութեր, որոնք անհամեմատ ավելի ազդեցիկ են, քան C և E վիտամինները։
Անջատեք խաղողի հատապտուղները, չանչերը, մանրացրեք, լցրեք տարայի մեկ քառորդը, մնացած ծավալը լրացրեք եռջրով, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` 1 թ/գ մեղրի հետ, կամ ջրի փոխարեն։

qacax (1)Քացախ մրգերից և հատապտուղներից
Պատրաստեք թույլ հագեցած շաքարաջուր` 1 լ ջուր, 50-100 գ շաքար։ Մանրացրած հումքով լցրեք ապակե տարայի կեսը, մնացած ծավալը լրացրեք շաքարաջրով (1։1)։ Տարան ծածկեք երկտակ ծալած թանզիֆով և ամրացրեք, 2 շաբաթ թրմեք լուսավոր, սակայն արևից հեռու տեղում։

Պարբերաբար խառնեք, որպեսզի մակերեսին չառաջանա կեղև, և օդը կարողանա դուրս գալ հումքի միջից։ Հումքը քամեք, հեղուկը լցրեք ապակե տարաների մեջ` եզրից մոտ 10 սմ ներքև, քանի որ խմորումը դեռ չի ավարտվել։ Կրկին ծածկեք տարան թանզիֆով։ Երկու շաբաթից քացախը մզեք, լցրեք մուգ գույնի շշերի մեջ, պահեք սառնարանում։
Տարբեր մրգերից և հատապտուղներից ստացված քացախներն ունեն որոշ ընդհանրություններ` հարուստ են օգտակար նյութերով (թե՛ քանակապես, և թե՛ որակապես), ունեն բարերար ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա, լավացնում են նյութափոխանակությունը, հեռացնում են օրգանիզմից վնասակար նյութերը, իջեցնում են խոլեստերինի մակարդակը։ Սակայն, այնուամենայնիվ, յուրաքանչյուր տեսակի քացախը պահպանում է իրեն «ծնած» հումքի օգտակար հատկությունների որոշ մասը, որով տարբերվում է մյուսներից։

Կոկռոշենու քացախն ունի դրական ազդեցություն արյունատար համակարգի վրա, բարձրացնում է ցածր ճնշումը, և ընդհակառակը` իջեցնում է բարձրը։

Սև հաղարջից ստացված քացախն ամրացնում է օրգանիզմը, օգտակար է ռևմատիզմի, հոդատապի, օստեոխոնդրոզի, միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում։

Կարմիր հաղարջի քացախը նույնպես ունի օրգանիզմում կուտակվող աղերը լուծելու հատկություն և նպաստում է միզաթթվի հեռացմանն օրգանիզմից։

Մոշի և ազնվամորու քացախները, ինչպես կարելի է ենթադրել, աչքի են ընկնում արտահայտված ջերմիջեցնող և քրտնամուղ հատկություններով, օգտակար են գլխացավի դեպքում։

Անտառային գետնամորուց և դրա մշակովի ցեղակից ելակից պատրաստված քացախները տրոհում են երիկամներում առաջացած քարերը, իսկ կանոնավոր օգտագործման դեպքում կանխարգելում են նորերի առաջացումը և ունեն բարերար ազդեցություն սիրտ-անոթային համակարգի վրա։

Չիչխանի քացախը նպաստում է վերքերի, տրոֆիկ խոցերի, այրվածքի արագ ապաքինմանը։

Բռնչու քացախն օգտակար է տարեց մարդկանց, քանի որ ավելացնում է սրտամկանի «աշխատանքային ռեսուրսը»։

Հապալաս սևի (Vaccinium murtillus) քացախը հանգստացնում է աչքերը և սրում տեսողությունը։

Հապալասի քացախը պարունակում է բենզոյաթթու, որն ունի ազդեցիկ հականեխիչ ազդեցություն։

Բալի քացախն ամրացնում է նյարդերը, օգտակար է հատկապես կանանց, քանի որ կարգավորում է դաշտանային պարբերությունը։

Սալորի և հատկապես մամխենու (վայրի սալորի) քացախն ախտահանում է աղիները, լավացնում դրանց անցանելիությունը, բարելավում մարսողությունը։
Տանձի (հատկապես` անտառայինի) քացախն անփոխարինելի միջոց է ամառվա տապին, քանի որ հագեցնում է ծարավը, ունի ցավազրկող հատկություն, կանխարգելում և հանգստացնում է հազի նոպաները, բացում է շնչառությունը։
Դեղձի քացախը խորհուրդ է տրվում օգտագործել լյարդի հիվանդությունների և անբավարար մարսողության դեպքում, քանի որ ունի լեղամուղ հատկություն և խթանում է ստամոքսահյութի արտազատումը։

Ծիրանի քացախը

  • Կարգավորում է մարսողությունը և աղիների անցանելիությունը,
  • չորացնում է ներքին այտուցները,
  • անփոխարինելի միջոց է այն դեպքում, երբ ինչ-որ հիվանդության կամ դեղորայքի ազդեցության պատճառով նկատվում են արյան բաղադրության փոփոխությունները։

Միայն պտղամսից կամ մաքրած կորիզի հետ ստացված ծիրանի քացախները տարբերվում են իրենց բուժիչ ազդեցությամբ. երկրորդ դեպքում (կորիզով) քացախը ունի բարերար ազդեցություն շնչառական ուղիների վրա։

qacax (1)Կրկին ծիրանի կորիզի մասին
Ըստ Տիբեթի իմաստասերների` թոքերը «պատասխանատու» են ոչ միայն շնչառության համար, այլ նաև ղեկավարում են ամբողջ օրգանիզմի կենսական էներգիայի հոսքերը։ Եթե ինչ-որ հիվանդության պատճառով վնասվում են թոքերը կամ դրանց ավշային հանգույցները, ապա առաջին հերթին` պետք է բարձրացնել թոքերի էներգետիկան։ Այդ նպատակին են ծառայում քաղցրարմատը (նույն ինքը` մատուտակի արմատը), չիչխանի պտուղը, մեղրը, մարդարմատը (ժենշեն), դիոսկորես կովկասյանի արմատը և ծիրանի կորիզի սերմը։ Հայտնի է, որ ծիրանի սերմը պարունակում է թունավոր նյութ` ամիգդալին, սակայն այդ նյութի բեկորը հանդիսացող լիտրիլը (նույն ինքը` B17 վիտամինը) ունի հակաուռուցքային հատկություն։ Ծիրանի սերմի հակաուռուցքային հատկությունն ակտիվացնելու համար այն պետք է մանրացնել և ընկղմել ջրի մեջ.

  • 2 ճ/գ կղմուխի մանրացրած արմատը 20 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ` թույլ կրակի վրա, ավելացրեք ծիրանի 10 գ մանրացրած սերմ, 3 րոպեից անջատեք կրակը, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, բուժումը կարելի է կրկնել ոչ շուտ, քան 1 ամիս անց։

Զգուշացում։ Ցանկացած տեսակի մրգից կամ հատապտղից ստացված քացախը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, հեպատիտի, նեֆրիտի, ստամոքսաբորբի դեպքում։ Պետք է խստորեն պահպանել դեղատոմսերում նշված չափաբաժինները։
Որպես օրենք` քացախը պետք է օգտագործել հետևյալ չափաբաժնով. 1 ճ/գ-ն լուծեք 200 մլ ջրի մեջ, խմեք օրը 1 անգամ` ուտելու ժամանակ։

qacax (2)Ժողովրդական դեղատոմսեր
Վնասվածքներ, կապտուկներ. 2 ճ/գ չիչխանի քացախի մեջ լուծեք 1 ճ/գ կերակրի աղ։ Դրեք թրջոց, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով կամ թղթով (թրջոցների համար նախատեսված), կապեք։
Ավիտամինոզ, ուժերի անկում. 200 մլ ջրի մեջ լուծեք 2-ական թ/գ հաղարջ սևի քացախ և մեղր։ Խմեք այդ չափաբաժինն օրը 3 անգամ, ուտելու ժամանակ։ Շարունակեք 4 շաբաթ, կրկնեք 2 շաբաթ անց։
Անքնություն. 250 մլ բալի (կծոխուր) քացախի մեջ լուծեք 20 գ մեղր։ Կերեք 2 թ/գ` քնելուց առաջ, անհրաժեշտության դեպքում կարելի է ուտել ևս 2 թ/գ։ Շարունակեք` մինչև վիճակի բարելավումը։

Հազ. 3 ճ/գ խաղողի կամ տանձի քացախը լուծեք 500 մլ գոլ ջրի մեջ, կատարեք ողողումներ` օրը 3 անգամ, որից հետո դանդաղ կերեք 1 ճ/գ մեղր։ Նույն լուծույթով կատարեք ինհալացիաներ` 10 րոպե տևողությամբ։
Ինչպես տեսանք, քացախների «աշխարհը» մեծ է, սակայն, այնուամենայնիվ, ավելի տարածվածը խնձորի քացախն է։
Շարունակելի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս