
ԱՄՆ-ն ու Ճապոնիան վերջին 17 տարում առաջին անգամ կվերանայեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիան ու ԱՄՆ-ը մինչև 2014 թվականն ավարտելու են պաշտպանական ոլորտում համագործակցության հիմքերի վերանայումը՝ այն առավել ուժեղացնելու համար:
Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել «2+2» ձևաչափով Տոկիոյում անցկացված բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են երկու երկրների արտգործնախարարներ Ջոն Քերին ու Ֆումիո Կիսիդին և պաշտպանության նախարարներ Չակ Հեյգելը և Իցունորի Օնոդերան:
Վերանայումը կլինի աննախադեպ իրադարձություն վերջին 17 տարվա ընթացքում և հաշվի կառնի Ճապոնիայի շուրջ և աշխարհում տիրող արտաքին քաղաքական իրավիճակի փոփոխությունները, այդ թվում նաև Չինաստանի ակտիվությունը ծովում:
Պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև համագործակցության հիմքերը մշակվել են 1978 թվականին և փոփոխության են ենթարկվել 1997 թվականին: Նոր փոփոխությունները միտված են Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի դերակատարության մեծացմանը: