Վարդան Այվազյան. Հիմա առաջարկում եք Արփինեին գնդակահարե՞լ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երբ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կազինո է հաճախում, գումար վատնում, նրան հետագայում նշանակեցին ՀՀ նախագահի աշխատակազմի նախագահի տեղակալ, իսկ երբ նմանատիպ հարցադրում հնչեցրեց Զարուհի Փոստանջյանը` նրան հեռացրին ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից: Ի պատասխան Վարդան Այվազյանն ասաց. «Վիկտոր Դալլքայանը, կամ որևէ մեկը, եթե այդ հարցերը բարձրացնում են Հայաստանի Հանրապետության ներքին տարածքի շրջանառության շրջանակում՝ դա ընդհանրապես այլ խնդիր է, երբ որ դու նստած ես Եվրոպայի խորհրդում, որտեղ ներկայացված են 53 երկրներ՝ իրենց պատգամավորներով, այդ ժամանակ ի լուր աշխարհի հայտարարել մի ստահոդ բան, կներեք, բայց ես դա չեմ կարողանում որևէ չափանիշներով ընդունել, հասկանալ, որովհետև խոսքը անձերի մասին չի, այլ պետության»:
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե նման առիթը մեր թշնամիները բաց չեն թողնի, ապա ավելացրեց, որ մեզ «շատ սիրող» պետությունները ժամանակին «թեմա կդարձնեն» սա։ Ինչ վերաբերում է լուրերին, թե Զարուհի Փոստանջյանին հարց տալու հնարավորությունը զիջել է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ապա Վարդան Այվազյանը նշեց, թե դրա համար նրան «պետք չէ գնդակահարել»։
«Հիմա առաջարկում եք Հանարապետական պատգամավորին գնդակահարե՞լ, ո՞րն է Ձեր առաջարկը։ Թողեք Արփինեին հանգիստ, այդ մարդն ինքը պատգամավոր է, ինքը մասնակցում էր, ես ընթացակարգերին և այլ մանամասների մեջ չեմ մտնում, ես երևույթի մասին եմ գնահատական տալիս։ Իսկ դուք ասում եք` ինչո՞ւ Արփինեն զիջեց, ինչի՞ Արփինեն գիտեր, թե նա ի՞նչ հարց պետք է տար»,- ասաց նա։
Նա հորդորեց նաև չմոռանալ. «Գիտեք` ի՞նչ կա. այնտեղ նստած է ՀՀ նախագահը, ընդունո՞ւմ ես, թե՞ չէ, այնտեղ երկրի նախագահ է նստած, երբ առանձին աթոռ են դնում, որտեղ երևում է ազգի նկարագիրը»: