Ստրասբուրգում արձանագրվել է, որ «ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն Հայաստանի ոստիկանության գործունեության վերաբերյալ
Սեպտեմբերի 24-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում կայացած կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Անպատժելիության և վատ վերաբերմունքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված տարածաշրջանային ձեռքբերումները:
ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների հանգուցային դրույթներից ու գլխավոր նպատակներից մեկը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է, ոստիկանության գործունեության մեջ հանրության ներգրավվածության մակարդակի բարձրացումը, հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը:
Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ոստիկանության ղեկավարության հետևողականության ու նպատակային ձեռնարկումների շնորհիվ՝ բարեփոխումներն այս ուղղությամբ արդեն իսկ լուրջ արդյունքներ են արձանագրել՝ բարձր գնահատականի արժանանալով ոչ միայն մեր քաղաքացիների ու հայաստանյան կառույցների կողմից:
Ոստիկանական համակարգի հատկանշական ձեռքբերումն արձանագրեցին նաև եվրոպական կառույցները՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացված՝ Հասարակական կարգուկանոնի ապահովման գործում ներգրավված իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներին վերաբերող կոնֆերանսի ընթացքում, որն անցկացվում էր Եվրոպայի խորհրդի և Եվրոպական Միության համատեղ ծրագրի շրջանակներում:
Կոնֆերանսի ընթացքում ամփոփվեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի ձեռքբերումները իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների քննության ոլորտում:
Եվ պարզվեց, որ «ձեռքբերում» գնահատականը կիրառելի է միայն Հայաստանի ոստիկանության գործունեության վերաբերյալ: Հայաստանի ոստիկանության իրականացրած ծավալուն և արդյունավետ աշխատանքն այս ոլորտում արժանացավ բարձր գնահատականի, համարվեց խրախուսելի և որպես լավագույն փորձի օրինակ՝ կիրառման հանձնարարվեց կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների` Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ կառույցների պատվիրակություններին:
Մասնավորապես նշվեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության մեջ հասարակության ներգրավվածությամբ կարգապահական հանձնաժողովը բացառիկ օրինակ է տարածաշրջանում և կոնֆերանսի մասնակից մյուս պետությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ուսումնասիրել և օգտագործել այդ փորձը:
Հրապարակային, թափանցիկ, հասարակական լայն ընդգրկվածությամբ գործող Ոստիկանական կարգապահական հանձնաժողովը կոչված է ապահովելու հասարակական կարգուկանոն պահպանող ծառայողների գործունեության առավելագույնս պրոֆեսիոնալ, իրավաչափ քննություն ու վերահսկողություն՝ բացառելով կամայականությունները և ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանության ծառայողի իրավունքների խախտումները:
Հայաստանի ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են նախանշված ծրագրի բոլոր ուղղություններով: Եվ ստրասբուրգյան անաչառ ու բարձր գնահատականը ոչ միայն ձեռքբերումների հերթական հանգրվանը նշանավորող ուրախալի փաստ է, այլև բարեփոխումների իրավացիության և ճշգրիտ ուղղության ու նպատակակետի հերթական հավաստում: