
Արփինե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ-ում հնչած հարցերի և պատասխանների մասին

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դահլիճում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ հարցադրումներ եղան… Մաքսային միություն, ԵՄ-ի հետ հետագա համագործակցություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Թուրքիայի հետ հարաբերություններ և այլն:
Ուզում եմ ներկայացնել եվրոպացի բազմաթիվ գործընկերներիս հրապարակային, ինչպես նաև մասնավոր զրույցներում հնչեցրած կարծիքների, մեկնաբանությունների, տպավորությունների ամփոփումը. «Թե՛ ելույթը և թե՛ հարցերի պատասխանները շատ պարզորոշ ցույց տվեցին, որ գործ ունենք, իր երկրի ազգային և պետական շահերը գիտակցող, այն հստակ ներկայացնող, հավասարակշված և բանիմաց գործչի հետ»:
Շատ հարցեր ստացան իրենց պատասխանները, շատերը ստացան իրենց պատասխանները:
Հետաքրքիր զգացողություն էր, երբ եվրոպացի գործընկերներս էին խոսում ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, մեկուսացման վտանգների և այլ հարցերի շուրջ, որոնց մասին ՀՀ նախագահը իր խոսքում նշեց:
Հպարտության զգացում ունեի թե դահլիճում, և թե հետո՝ գործընկերներիս հետ շփումներում»:
Հիշեցնենք, որ ilur.am-ի տեղեկություններով, այսօր ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ոչ մշտական անդամ Զարուհի Փոստանջյանին հաջողվել է Սերժ Սարգսյանին հարց ուղղել հենց Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ: Նա որպես մշտական անդամ իր տեղը զիջել է Զարուհի Փոստանջյանին: