Բյուջետային ճգնաժամի պատճառով ԱՄՆ հետախուզությունն արձակուրդ է ուղարկել իր աշխատակիցների 70 տոկոսին
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ծագած բյուջետային ճգնաժամը հանգեցրել է նրան, որ ողջ երկրում փակվել են հարյուրավոր բյուջետային հիմնարկներ: Կրճատման տակ է ընկել անգամ Ազատության արձանը, որն այժմ փակ է այցելուների համար:
Բացի այդ, փակվել են մի շարք հանրաճանաչ տուրիստական ատրակցիոններ ու տեսարժան վայրեր: Զբոսաշրջիկները չեն կարող այցելել անգամ Մեծ Կանիոն ու Յելլոուսթոնյան ազգային պարկ: Փակման մասին որոշումն առնչվել է անգամ ազգային հուշահամալիրներին, ինչպիսին օրինակ Վաշինգտոնում կանգնեցված Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հուշարձանն է:
Կառավարության աշխատանքների դադարեցումը NASA տիեզերական գործակալությանը հարկադրել է փաստացիորեն դադարեցնել իր աշխատանքները: Նրա կայքն անջատվել է ֆինանսավորման դադարեցման պատճառով և դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի այն: Գործակալության աշխատակիցների մեծ մասն ուղարկվել են իրենց տներ:
Նշվում է նաև, որ ֆինանսավորման դադարեցման պատճառով ԱՄՆ հետախուզությունն արձակուրդ է ուղարկել իր աշխատակիցների 70 տոկոսին: ԱՄՆ էներգետիկայի նախարարությունում այդ ցուցանիշը կազմել է 69 տոկոս, գերատեսչության կայքը փակվել է: Փակվել է նաև նրա տարածքային ստորաբաժանումների կայքերի մեծ մասը:
ԱՄՆ կառավարությունը վերջին 17 տարում առաջին անգամ է դադարեցնում իր աշխատանքները, ինչի պատճառը պետական ապարատի ֆինանսավորման հարցում փոխզիջման բացակայությունն է: