2050 թվականին Երկրի բնակչությունը կմոտենա 10 միլիարդի սահմանագծին. INED
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը (Institut national d’etudes demographiques, INED) զեկույց է պատրաստել առաջիկա տարիներին Երկրի բնակչության թվաքանակի վերաբերյալ:
Զեկույցում նշված է, որ մինչև 2050 թվականը Երկրի բնակչությունն աճելու է գրեթե 2.6 միլիարդ մարդով և ներկայիս 7.141.000.000-ից հասնելու է 9.731.000.000-ի: Սակայն դրանով բնակչության աճը չի դադարի, և դարավերջի դրությամբ մոլորակի բնակիչների քանակը կկազմի մոտ 11 միլիարդ մարդ:
Գիտնականներն ուշադրություն են հրավիրում նրան, որ 6 միլիարդի սահմանագիծը հաղթահարվել է 1999 թվականին, իսկ ահա դրան հաջորդած 12 տարվա ընթացքում՝ մինչև 2011 թվականը, մոլորակի բնակչությունն ավելացել է ևս 1 միլիարդով:
Ֆրանսիացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մինչև 2050 թվականը Երկրի բնակչության մեկ քառորդը կենտրոնացած է լինելու Աֆրիկայում, ուր բնակվելու է 2.435.000.000 մարդ:
Նրանց կանխատեսմամբ՝ Եվրոպան դառնալու է միակ աշխարհամասը, որի բնակչությունը կրճատվելու է: 2013 թվականին Եվրոպայի բնակչությունը կազմում է 740 միլիոն մարդ, իսկ 2050 թվականին այն կազմելու է 726 միլիոն մարդ:
Ներկա դրությամբ՝ բնակչության թվաքանակով առաջատարը Չինաստանն է՝ 1.36 միլիարդ մարդ (մոլորակի ողջ բնակչության 19 տոկոսը), ապա գալիս են Հնդկաստանը՝ 1.27 միլիարդ մարդ (17.4 տոկոս) և ԱՄՆ-ը՝ 316.2 միլիոն մարդ (4.4 տոկոս):