Արևմտյան Եվրոպայի ճանապարհի ընտրությունը
Քաղաքական այն տեսաբանությունը, որ Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհը ուզում է բացառապես տեսնել ուղղակի արևմտաեվրոպական քաղաքներ տանող, թվում է որ գործնականության բաղադրիչներ է պարունակում։
Այս տեսությունը հիմնավորվում է, երբ նկատի ենք առնում Հայաստանի և Ֆրանսիայի Հանրապետությունների միջնախագահական հանդիպման վերաբերյալ լրատվությունների, հատկապես ՀՀ-ԵՄ համագործակցության հատկացված բաժինը։
«Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:
Փորձենք մանրադիտակի տակ առնել այս բաժինը։ Նախ, իհարկե, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին պիտի վերաբերեր երկու նախագահների խորհրդակացության առաջին բաժինը։ Կարգն էլ այդպես էր պահանջում, որովհետև Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ներառված միջպետական հարաբերությունների սերտացումը առաջադրող այս հանդիպումը, ի վերջո, երկու երկրների նախագահների հանդիպման առանցքային բաժինը պիտի կազմեր։ Բայց նույնքան ակնկալելի էր, որ քննարկումը կենտրոնանար հրատապ խնդրի՝ Հայաստանի եվրաինտեգրման այսօրվա իրավիճակի վրա։ Այստեղ պաշտոնական լրահոսը ուղղակի չի անդրադառնում ՀՀ-ի ՄՄ-ի մաս կազմելու որոշման իբրև հետևանք ստեղծված կացությանը։ Հասկանալի է, որ այդ մասին նշում չկա։ Բայց այս բաժնի ներկայացման համար օգտագործված պաշարը ընդգծում է ստեղծված կացության լռելյայնությունը։
Պետք է առավելագոյն ջանքեր գործադրել պահպանելու համար համագործակցության տեմպն ու որակը։ Պահպանելը այստեղ ինքնին հուշում է, որ ինչ որ վտանգի դիմաց կայացած տեմպն ու որակը պահպանելու խնդիր ունեն կողմերը։ Կողմերը, որովհետև խոսվում է համագործակցության մասին և այդ համագործակցության տեմպն ու որակը պահպանելու խնդիր կա այսօր երկկողմանիորեն։
Շարունակել Հայաստանի բարեփոխումների գործընթացը։ Այս հաստատումը ինքնին նշանակում է, որ եվրաինտեգրման իր ուղղվածության մեջ Հայաստանը պիտի շարունակի այն բարեփոխումների քաղաքականությունը, որ որդեգրել էր եվրոպական չափանիշերին ընդառաջ։ Որի համար էլ Հայաստանի նախագահը վերահաստատել է Երևանի ստանձնած հանձնառությունը։
Իսկ այժմ այս բաժնի եզրակացությունը, որ նախագահ Օլանդի հանձնառության մասին է։ «Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը»:
Սա շատ ընդհանուր կարգախոս է։ Այստեղ «այսուհետ» բառը պահպանելու նման մատնում է ինչ-որ խնդրի գոյությունը։ «Այսուհետը» նշանակում է, թե մինչ այդ ինչ-որ հարց գոյություն է ունեցել. պարզ է, որ ակնարկությունը Հայաստանի որոշումն է միանալու ՄՄ-ին։
Այս հանդիպման ընթացքում գուցե ՄՄ-ի անդամակցության և ԵՄ-ի ասոցացման (ան)համատեղելիության հարցը առանքային օրակարգ է եղել։ Այսուհանդերձ քաղաքական երկու եզրերն էլ չեն հիշատակվում պաշտոնական լրահոսում։
Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներից է։ Զգացվում է տոնայնության և շեշտադրումների տարբերությունը Արևմտյան ևրոպայի առաջատարի և Արևելյան գործընկերության ծրագրերի պաշտոնատարների միջև։ Կոնկրետ այս հարցում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր