
Մենք ցանկանում ենք, որ Իրանը դրականորեն արձագանքի մեր արած առաջարկներին. Մայքլ Մանն

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վեցյակը» ընդգծում է իրանական կողմի առավել դրական տոնը, սակայն «Վեցյակին» անհրաժեշտ է տեսնել, որ Իրանի խոսքերն ամրագրվում են գործողություններով: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Վերջինիս խոսքերով՝ առաջիկա բանակցությունների ընթացքը հիմնականում կախված է լինելու Իրանից. «Լավ մթնոլորտը մի բան է, սակայն մենք ցանկանում ենք, որ Իրանը դրականորեն արձագանքի մեր արած առաջարկներին: Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ առաջընթացի հասնել բանակցություններում և հուսով ենք, որ իրանական կողմը նույնպես ցանկանում է դա»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-16-ին: