Բաժիններ՝

Ջամիլ Հասանլին խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում վերացնել Թուրքիայի հանդեպ գործող վիզային ռեժիմը

Թուրքական Türkiye թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) միասնական նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլին արել է ուշագրավ մի շարք հայտարարություններ:

Հասանլին, մասնավորապես, հայտարարել է, որ եթե հոկտեմբերի 9-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներով դառնա Ադրբեջանի նախագահ, ապա չեղյալ կհայտարարի Թուրքիայի քաղաքացիների հանդեպ գործող վիզային ռեժիմը:

Բացի այդ, Հասանլին խոստացել է թուրքական բիզնեսի գործունեության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել երկրում: Նա նաև խոստացել է արտոնյալ մաքսային պայմաններ մտցնել՝ թուրքական ապրանքների ներկրման համար:

Ջամիլ Հասանլին հավելել է, որ եթե ինքը դառնա Ադրբեջանի նախագահ, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները կլինեն ավելի սերտ, քան ներկայումս է:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ադրբեջանի հետ գործող վիզային ռեժիմը միակողմանիորեն վերացրել է 2009 թվականի դեկտեմբերի 25-ին և դրանից հետո շարունակ պահանջում է, որ ադրբեջանական կողմը նման կերպ վարվի իր պարագայում: Սակայն Ադրբեջանը ցայժմ հրաժարվում է դա անելուց:

2011 թվականի ամռանը թուրքական Today’s Zaman թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի տնօրեն Ալի Հասանովը պարզություն մտցրեց այդ հարցում. «Մենք խնդիր չենք տեսնում Թուրքիայի հետ վիզային ռեժիմը վերացնելու մեջ: Սակայն Իրանը կտրուկ դեմ է հանդես գալիս դրան՝ պահանջելով նույնը կատարել նաև իր պարագայում:

Իրանը սպառնում է հակառակ դեպքում կտրել Նախիջևանի հետ ցամաքային կապը: Այսինքն, Ադրբեջանը թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ վիզային ռեժիմը պետք է վերացնի միաժամանակ: Բայց, ներկայումս Ադրբեջանի կառավարությունը պատրաստ չէ դրան, քանի որ Իրանի նման մեծ երկրի հետ հարաբերություններում առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը չի համապատասխանում Ադրբեջանի ազգային շահերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս