Իսրայելն ԱՄՆ-ին կոչ է արել ապահովել միջուկային զենքից Իրանի «ապացուցված» հրաժարվելը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է եղել Իրանի միջուկային ծրագիրը:

Հանդիպման ժամանակ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ԱՄՆ-ին կոչ է անում ապահովել միջուկային զենքից Իրանի «ապացուցված» հրաժարումը: Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների հավաստի սպառնալիքն ու պատժամիջոցներն Իրանին հարկադրել են նստել բանակցային սեղանի շուրջ:

Նեթանյահուի կարծիքով՝ պետք չէ թուլացնել ճնշումը, քանի դեռ Իրանը միջուկային զենքից հրաժարվելու հարցում չի ցուցադրում «ապացուցված աճ»:

Բարաք Օբաման իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բացառում Իրանի դեմ ամեն տիպի գործողություններ, այդ թվում նաև ռազմական՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ. «Ես դիտարկումից չեմ հանել և ոչ մի տարբերակ: ԱՄՆ-ն ու Իսրայելը համակարծիք են նրանում, որ Իրանը չպետք է ստանա միջուկային զենք:

Մենք համաձայն ենք, որ անհրաժեշտ է՝ Իրանը չտիրի միջուկային զենքին: ԱՄՆ-ը սթափ է մոտենալու Իրանի հետ բանակցային գործընթացին: Իրանը պետք է իր անկեղծությունն ապացուցի ոչ թե խոսքերով, այլ՝ գործողություններով»:

Օբաման հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով շարունակ խորհրդակցելու է Իսրայելի հետ:

Տեսանյութեր

Լրահոս