
Իրանական ոստիկանությունը տանկի օգնությամբ ոչնչացրել է հարյուրավոր արբանյակային ալեհավաքներ

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ արբանյակային ալեհավաքների օգտագործումն ու վաճառքն արգելված է Իրանում: Դրա հետ կապված՝ իրանական ոստիկանությունը հավաքել է հարյուրավոր արբանյակային ալեհավաքներ և տանկի օգնությամբ ճզմել է դրանք:
Իրանական մամուլի հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է Շիրազ քաղաքում: Տեղի ոստիկանությունը հավաքել է 800 արբանյակային ալեհավաք և քաղաքի պողոտաներից մեկում դրանք ոչնչացրել է տանկի և շինարարական մեքենայի օգնությամբ:
Այդ գործընթացի ժամանակ ոստիկանությունը նշել է մի շարք ուշագրավ կարգախոսներ «Կրակը հեռացրեք ձեր տնից», «Արբանյակային սերիալները տարածում են անամոթություն»: Եղել են նաև հակաամերիկյան ու հակաբրիտանական կարգախոսներ:
Նշվում է, որ չնայած Իրանում արգելված է արբանյակային ալեհավաքների օգտագործումը (օտար երկրների հեռուստաալիքներ դիտելը)՝ նման դեպքերը հաճախ են հանդիպում Իրանում: Իրանական ոստիկանությունն էլ ժամանակ առ ժամանակ տներից հավաքում է այդ ալեհավաքները և ոչնչացնում: