Բաժիններ՝

Դատարանը վիրավորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը:

Այն, սակայն, ավարտին չհասցվեց, քանի որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը՝ Սուրիկ Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատական նիստին հնարավոր չէր պարզել հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը: Ուստի, դատական նիստն ընդմիջվեց և հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը՝ այդ նիստին հայցվորն անձամբ պետք է ներկայանա և ներկայացնի իր ճշմարիտ անձնագրային տվյալները:

Դատարանն այսպիսով բավարարեց պատասխանող Սամվել Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը,ով դատարանի ուշադրությունը հրավիրեց փաստաթղթերում հայցվորի անվան անհամապատասխանության վրա:

Հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, Սյունիքի նախկին մարզպետին ծանր հանցագործությունների՝ սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքների վերաբերյալ հատվածները, որոնք, ըստ հայցվոր կողմի,զրպարտություն են: Հայցվորը պահանջում է իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով:

Հայցվորի ներկայացուցիչը պնդեց հայցը: Պատասխանողի այն հարցին, թե հայցվորը հերքում է միջադեպն ինքնին, թե կոնկրետ հայցվորի մասնակցությունը, հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց՝ դեպքը տեղի է ունեցել, սակայն ով է կրակել, իրենք չգիտեն ու իրենց չի հետաքրքրում՝ պաշտպանության նախարարության ու ոստիկանության քննչական մարմիններում քննված գործերը կասեցվել են՝ հանցագործի անհայտ լինելու պատճառով:

Դատարանի հարցին, թե հայցվորը միայն ներկայացված երկո՞ւ հատվածներն է զրպարտություն համարում, վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, սակայն իրենք վիճարկում են այդ երկու հատվածները:

Ի դեպ, դատարանի մասին՝ նախագահող դատավոր Անի Մխիթարյանը անսպասելի և միաժամանակ անօրինական ու վիրավորական պահանջ ներկայացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ չլուսաբանել դատական նիստը «ձեր ընկալունակության սահմաններում»: Ընկալունակության մասին հայտարարություն անելուց առաջ դատավորին խորհուրդ կտանք բացատրական բառարանում տեղեկանալ այդ բառի նշանակությանը, ինչպես նաև նորից թերթել, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության դրույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս