Թուրքիան հայտարարելու է 6 կորվետի կառուցման նոր մրցույթ

Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը խզել է MILGEM (Ազգային նավ) նախագծի շրջանակներում 6 կորվետ կառուցելու ու մատակարարելու վերաբերյալ 2013 թվականի հունվարին RMK Marine ընկերության հետ ստորագրած պայմանագիրը:

Այժմ Թուրքիայի իշխանությունները պլանավորել են անցկացնել այդ ռազմանավերի կառուցման նոր մցրույթ: Պայմանագրի չեղյալ հայտարարման համար հիմք են հանդիսացել հունիսին Թուրքիայում անցկացված բողոքի զանգվածային ակցիաները:

Թուրքիայի իշխանությունները մի շարք ընկերությունների մեղադրել են ցուցարարներին օգնելու մեջ, որոնք բողոքում էին վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած իշխանությունների գործողությունների դեմ: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունիսին ցուցարարները պատանդներ էին վերցրել Divan հյուրանոցում, որը վերահսկում է Koç Holding ընկերությունը:

Հենց այդ ընկերությանն էլ պատկանում է RMK Marine նավաշինական ձեռնարկությունը: Իշխանությունների կարծիքով՝ Koç Holding-ի սեփականատեր Ալի Քոքն անձամբ է որոշում ընդունել ցուցարարներին աջակցելու մասին: Դրա համար էլ որոշվել է չեղյալ հայտարարել կորվետների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել է նախորդ տարի անցկացված մրցույթի արդյունքներով:

Կորվետների կառուցման վերաբերյալ նոր մրցույթը կարող է հայտարարվել մոտ ժամանակներս: Դրա պայմանները դեռ հայտնի չեն: Նախորդ մրցույթի շրջանակներում Թուրքիան պլանավորել էր նավերի կառուցման վրա ծախսել ավելի քան 2.5 միլիարդ դոլար: RMK Marine-ի հետ կնքված համաձայնագրի արժեքը կազմում էր 1.5 միլիարդ դոլար:

MILGEM նախագծի կորվետները նախատեսված են հետախուզական գործողություններ անցկացնելու, թիրախներ հայտնաբերելու, առափնյա բազաների պահպանման, հակասուզանավային թիրախների դեմ գործելու, հակաօդային պաշտպանություն ապահովելու և պարեկության համար:

Նավերի երկարությունը կազմում է 99 մետր, իսկ ջրատարողությունը՝ 2300 տոննա: Կորվետները կարող են զարգացնել մինչև 29 հանգույց արագություն և ինքնուրույն նավարկության մեջ գտնվել 10 օր:

Նրանց սպառազինությունը կազմում են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, 76 միլիմետր տրամաչափի հրանոթը, 12.7 միլիմետր տրամաչափի 2 գնդացիրը, Harpoon տիպի 8 թևավոր հրթիռը, ինչպես նաև RIM-116A և RIM-162 ESSM զենիթային հրթիռների արձակման սարքերը:

Բացի այդ, նավերն ունեն 324 միլիմետր տրամաչափի տորպեդային ապարատներ: Կորվետների ավիացիոն խումբը նախատեսված է մեկ հակասուզանավային ուղղաթիռի համար: Կորվետի տախտակամածին կարող են գտնվել նաև մի շարք փոքր անօդաչու թռչող սարքեր:

MILGEM նախագծի իրագործումը մեկնարկել է 1996 թվականից, այդ նախագիծն ունի ռազմավարական կարգավիճակ, քանի որ հեռանկարում Թուրքիան մտադիր է այդ կորվետների հիման վրա նախագծել TF-2000 ֆրեգատներ: MILGEM նախագծի շրջանակներում նախատեսված է ռազմածովային ուժերը համալրել 8 կորվետով:

Առաջին կորվետը՝ Heybeliada-ն, սպառազինության մեջ ընդունվել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին: Այս տարվա նույն օրը ջուրն իջեցվեց երկրորդ կորվետը՝ Büyükada-ն:

Տեսանյութեր

Լրահոս