Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին Դվին գյուղում զբաղվում է բարեգործական աշխատանքով (լուսանկարներ)
Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհինը արդեն շուրջ 6 տարի բնակվում և աշխատում է Հայաստանում: Վերջին շրջանում Արմենը սկսել է բարեգործական աշխատանքով զբաղվել: Արդեն չորս ամիս է՝ ռեժիսորը Դվին գյուղում փոքրիկ երեխաների համար թատրոնի և անգլերենի խմբակներ է բացել:
168.am-ի հետ զրույցում Արմենը պատմում է, թե ինչպես ստացվեց, որ որոշեց Դվին գյուղում բարեգործական աշխատանքով զբաղվել.
«Պահ էր եկել, երբ ես միայն տեսահոլովակներ և կարճամետրաժ ֆիլմեր էի նկարում: Մի օր հանդիպեցի իմ սիրելի դասախոսին` Գևորդ Աբրահամյանին: Նա ևս Իրանից է և տեղի Հանրային հեռուստաընկերության լրագրողն է Հայաստանում: Իր առաջարկով սկսեցինք համագործակցել: Նա Երևանից տեղափոխվել է Դվին գյուղ: Երբ նրանց հյուր գնացի, իմ, Գևորգի և նրա կնոջ՝ Նարինեի մոտ միտք առաջացավ համագործակցել: Այսպես սկսեցինք մեր նոր աշխատանքը: Ես թատրոնի խմբակ բացեցի և երեխաների հետ դերասանի վարպետության դասեր անցկացրեցի»,- ասում է Արմենը և հավելում, որ դասընթացների հետ միաժամանակ՝ փորձում է ծանոթանալ երեխաների հոգեկան աշխարհին, թե ինչ են զգում և ինչի մասին երազում:
«Փորձում եմ նրանց հասկացնել, որ իրենց լքված չեն, այլ նույնքան կարևոր են, որքան քաղաքի երեխաները: Թատրոնի խմբակից բացի, նաև անգլերեն լեզվի դասընթացների խմբակ բացեցինք: Օր օրի երեխաների թիվն ավելանում է: Երկու ամսվա ընթացքում առաջին խումբս արդեն 130 անգլերեն բառ գիտի: Շատ ուրախ եմ սրա համար, սա փոխեց իմ կյանքն այն առումով, որ սկսել եմ տեսնել այն ամենը, ինչ կա մեր կյանքում, հասկացա, որ միավորվելով՝ կարող ենք աջակցել մեկս մյուսին, բացահայտեցի, որ գյուղի երեխաները շատ տաղանդավոր և խելացի են: Գյուղի երեխաներն ուշադրության կարիք ունեն, կարծում եմ` բոլորիս պարտականությունն է՝ թեկուզ մեկ ժամ ուշադրություն դարձնենք այս անմեղ էակներին, քանի որ նրանք են մեր երկրի ապագան»,- նշում է ռեժիսորը:
Դվին գյուղի երեխաներին օգնելուց բացի, Արմենը կարողանում է «միլիոնավոր սյուժեներ գտնել այնտեղ». «Մարդն, իր մասնագիտությամբ զբաղվելուց բացի, պետք է տեսնի իր շուրջը և փորձի օգնել ու լսել մյուսներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ դասախոսին` Գևորգ Աբրահամյանին, և նրա կնոջը` Նարինե Գևորգյանին, որ ինձ տվեցին այս հնարավորությունը, և ես զգացի այս հիանալի զգացումը, որը երբեք չէի ունեցել: Ցավով ուզում եմ նշել, որ Դվինի Մշակույթի տունը քարուքանդ վիճակում է: Դա միակ տեղն է, որտեղ կարող ենք բոլորին միավորել և զարգացնել մշակութային կյանքը գյուղում: Այսօր Գևորգի շնորհիվ այդ կենտրոնի վերանորոգման աշխատանքներ են արվում: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզենան միանալ մեզ, շատ լավ կլինի»:
Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին, ապա շուտով լույս կտեսնի Արմենի վերջին աշխատանքը: Դա երգչուհի Ջուսի հետ համագործակցությունն է` «1, two, 3» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի մեկին: Վերջերս լույս է տեսել նաև Արմենի մեկ այլ աշխատանքը, որը փոքրիկ երգիչ Կարեն Օհանյանի «Love» երգի հիմա վրա նկարահանված տեսահոլովակն է:
Ռեժիսորը պատրաստվում է նկարահանել նաև դոկումենտալ ֆիլմ, որը վերաբերելու է ամեն ինչի վրա մարդկության ունեցած ազդեցությանը: Ֆիլմը պատրաստելուց հետո Արմենը ցանկանում է այն տարբեր փառատոների ներկայացնել:
168.am-ը հետագայում ավելի մանրամասն կանդրադառնա ռեժիսոր Արմեն Փիրիմասիհինի ֆիլմին:
Գոհար Արամյան